Լրահոս
Օրվա լրահոսը

«Դառել է արդեն ոստիկանական երկիր, մարդ չի կարա ազատ արտահայտվի, խոսա». Սասուն Միքայելյան

Հունվար 17,2018 11:04

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում քննարկվում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Այն նախատեսում է ոստիկաններին իրավունք վերապահել, որ հանրային վայրերում տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքեր տեղադրեն, իրենք էլ կրեն շարժական տեսանկարահանող սարքեր՝ հանրային կարգի անվտանգության նպատակով:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հարցրեց՝ «Այդ սարքերը տեղադրելով՝ մենք մարդու իրավունքնե՞րն ենք պաշտպանելու, թե՞ ավելի վնաս կտանք, կսահմանափակենք մարդու խոսքի ազատության արտահայտումը: Վիճաբանության կամ ինչ-որ բանի ժամանակ ոստիկանները կձգտեն մարդկանց իրենց չափերից դուրս հանել, որ կարողանան իրենք ճիշտ դուրս գան, ինչքանո՞վ դա օգուտ կտա»:

Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը պատասխանեց, որ այդ մտահոգությունը ավելորդ է, այս նկարահանող սարքերը միայն օգնելու են ոստիկաններին հանցագործությունները բացահայտելու, հասարակական կարգը պահպանելու, ինչպես նաեւ աջակցելու են մեր քաղաքացիներին այն դեպքերում, երբ նրանք կարիք կունենան օգտագործելու այդ տվյալները: Օրինակ, քաղաքացին կարող է կորցնել որեւէ իր, դիմի ոստիկանության, այդ տեսանկարահանող սարքերի միջոցով գտնեն՝ ապաանձնավորեցնելով բոլոր մյուս տվյալները, որոնք այդտեղ կան:

Սասուն Միքայելյանը դժգոհեց՝ «Բայց դե էլի ճիշտ չի, էլի, սահմանափակում է դրվում խոսքի ազատության: Դառել է արդեն ոստիկանական երկիր, մարդ չի կարա ազատ արտահայտվի, խոսա, ինչ-որ հարցով պրոբլեմներ լուծի, ես չեմ հասկանում ոնց է լինելու մեր երկրի ապագան, կամաց-կամաց ավելի է սեղմվում»:

Վարդան Եղիազարյանն արձագանքեց, որ որեւիցե կապ ազատ մտքի արտահայտման հետ այս տեսախցիկները չունեն:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը նույնպես մտահոգություն հայտնեց, որ անհատի կյանքին միջամտելը ցանկացած ձեւով պետք է շատ խիստ կանոնակարգված ու սահմանափակված լինի. «Պետք է մարդու ազատություններին միջամտելու հնարավորություն չտանք, միայն՝ ծայրահեղ դեպքերում: Ես ուզում եմ հասկանամ՝ ո՞նց եք դուք նախատեսում պահպանել այդ երկու իրարամերժ հատվածները»:

Վարդան Եղիազարյանը պատասխանեց, որ «Այսօր ունենք 3 կարգի նման միջոցներ՝ ստացիոնար արագաչափերն են, երկրորդը՝ քաղաքով մեկ սփռված կամերաները, երրորդը կլինեն այդ դյուրագրգիռ տեխնիկական միջոցները, որոնք կլինեն հենց ոստիկանության ծառայողի ձեռքում, կամ հագուստի վրա, կամ մեքենայում ամրացված»:

Վարդան Եղիազարյանն ասաց, որ սա չի նշանակում, թե ոստիկանները իրենց հեռախոսներով, iphone-ներով պետք է նկարեն, միայն պետական միջոցներով: Իսկ մարդու անձնական կյանքի իրավունքը սահմանափակվում է օրենքով եւ միայն անհրաժեշտ դեպքում:

Արարատ Զուրաբյանը հիշեցրեց, որ 2008-ի մարտի 1-ից հետո նախագահ Քոչարյանը հայտարարեց, որ մեքենաների հետեւից դուրս են գալիս մարդիկ, կրակում են, կան բազմաթիվ ձայնագրություններ, նկարահանումներ եւ այլն. «Որեւէ նկարահանում կամ ձայնագրություն հետագայում չներկայացվեց: Ի՞նչ մակարդակի վրա է դա արվելու՝ քաղաքական հաշվեհարդարի, մարդկանց ճնշելո՞ւ, թե՞ ընդհանրապես օրենքը պահպանելու եւ մեր հասարակության կյանքը ավելի բարելավելու համար»:

Վարդան Եղիազարյանը պատասխանեց, որ օգտագործվելու են զուտ ոստիկանական գործառույթներն իրականացնելու համար, իսկ դրանք միտված են քաղաքացիների կյանքը, գույքը, անձեռնմխելիությունը ապահովելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031