ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը ողջունում է Պաշտպանության նախարարի՝ վիրավոր զինծառայողի համար հայտարարած դրամահավաքի նախաձեռնությունը: Խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Նախարարը նպատակահարմար է գտել նման կերպ իր դիրքորոշումը ձեւակերպել: Զինծառայողների սոցիալական ապահովության հետ կապված տարբեր նախաձեռնություններ կարող են ներկայացվել: Բնականաբար, սոցիալական ապահովության խնդիրներն առաջին հերթին կարգավորվում են համապատասխան օրենքների շրջանակում: Այդ պարտավորությունը կրում է պետությունը: Բայց կարող են լինել նաեւ տարատեսակ նախաձեռնությունների՝ պատգամավորների եւ նախարարների կողմից»:
Անդրադառնալով այն փաստին, որ սոցցանցերում նախարարի քայլը որոշ քաղաքացիներ «բոշայություն» են որակել, Նահապետյանը նկատեց. «Չէի ուզենա գույները խտացնել եւ այդ գրառման հետ կապված որոշակի ծայրահեղ իրավիճակ փորձել ստեղծել: Կարծում եմ՝ հանդուրժողականության մթնոլորտ պետք է ձեւավորենք»:
Կորյուն Նահապետյանի խոսքով՝ ամեն դեպքում, գնահատականներ հնչեցնելիս պետք է կոռեկտություն պահպանել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ