Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները կօգտագործեն տեսախցիկներ՝ նկարահանման մասին նախապես զգուշացնելով (Տեսանյութ)

Հունվար 17,2018 10:55

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր դրական եզրակացություն տրվեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը հանձնաժողովականներին տեղեկացրեց՝ օրենքի նախագիծը ենթադրում է, որ հանցագործություններ կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգը եւ ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս՝ ոստիկանությունը կարող է հանրային վայրերում օգտագործել անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Ընդ որում, դրանք օգտագործելիս նախապես պետք է հայտարարել այդ մասին՝ նախազգուշացնել: Օրենքի նախագիծը ենթադրում է, որ նախազգուշացման մասին տեսանելի վայրերում պետք է ցուցանակներ տեղադրվեն:

«Անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող միջոցները կարող են տեղադրվել Ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հաշվի առնելով տվյալ տարածքում կատարվող հանցագործությունների եւ հասարակական կարգի խախտումների թվաքանակը: Իսկ ոստիկանների կողմից հանցագործությունը կանխելիս կամ բացահայտելիս՝ տեխնիկական միջոցն ամրացվում է ծառայողական համազգեստին, գտնվում է ոստիկանի ձեռքում կամ ծառայողական տրանսպորտային միջոցում: Տեխնիկական միջոցները ոստիկանները պետք է կրեն տեսանելի կերպով՝ բացառությամբ գաղտնի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման դեպքերի»,-ասվում է օրենքի նախագծում:

Այն ենթադրում է նաեւ, որ ոստիկանները տեսանկարահանում կարող են իրականացնել միայն ծառայողական միջոցներով, իսկ անհատի սեփական տարածքում տեսանկարահանում կամ լուսանկարահանում իրականացնելու համար անհրաժեշտ է հարցը համաձայնեցնել սեփականատիրոջ հետ: Ընդ որում, տեսանյութերն ու լուսանկարները ոչնչացվում են ամրագրումից յոթ օր հետո: Ոչնչացումը տարաժամկետվում է, եթե, օրինակ, տեսանկարահանված նյութերում հանցագործության դեպք է արձանագրվել:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը համոզմունք հայտնեց, որ Ոստիկանությանը պետք է տրվեն նման լիազորություններ՝ իր առջեւ դրված խնդիրները լիարժեք իրականացնելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031