Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկաններին իրավունք են տալիս հանրային վայրերում տեսանկարահանող եւ լուսանկարող սարքեր տեղադրել. Նոր օրենք

Հունվար 17,2018 10:45

Կառավարությունը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծ է ներկայացրել ԱԺ-ի քննարկմանը:

Նախագծով սահմանվում է, որ հանցագործություններ բացահայտելիս կամ կանխելիս հասարակական կարգի պահպանումը, այդ թվում՝ ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս պետք է ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործել տեսանկարահանող կամ լուսաձայնագրող տեխնիկական միջոցներ: Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ պարտավորվելու են ապահովել տեղեկությունների հավաքման եւ օգտագործման նպատակի լեգիտիմությունը, կհստակեցվեն մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանական միջամտության սահմանները:

Հանրային վայրերում կսահմանվեն անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների, ինչպես նաեւ ոստիկանների կողմից օգտագործվող տեխնիկական շարժական միջոցների առանձնահատկությունները:

Այդ տեսանկարահանող սարքերով ոստիկանները չեն կարող կանգնեցնել տեսանկարահանումը եւ իրենց ուզած րոպեին միացնել: Տվյալների հրապարակման վրա եւս արգելք է գործելու, 7 օր պահպանվելու է, հետո ոչնչացվի, բայց ժամկետը կարող է եւ տարաժամկետվել:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցրեց՝ դուք ուզում եք տեսանկարահանող սարքեր տեղադրել հանրային վայրերում եւ օգտագործել շարժական տեսախցիկներ, իսկ դա միջամտություն է անձնական կյանքի հարգանքի իրավունքին, կարո՞ղենք ասել, որ մինչեւ այս տեղի ունեցած նկարահանումները եղել են օրենքով չնախատեսված կարգով: Զեյնալյանը նաեւ հարցրեց՝ նախատեսում եք լիազորել գործադիր մարմնին սահմանել պահպանման ժամկետը, ինչպես մտնել, ինչպես օգտագործել, չե՞ք կարծում, որ այս սահմանափակումները կարող են բացառապես օրենքով լինել»:

Վարդան Եղիազարյանը պատասխանեց, որ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին կետում օրենքով էլի ոստիկանները կարող էին տեսանկարահանել. «Անհատական տվյալների մասին նախկին օրենքով նախատեսվում էր ավելի թույլ երաշխիքներ, քան գործող օրենքով»: Նա ասաց, որ տեսանկարահանող սարքի հետ կապված հարաբերությունները օրենքով սահմանված չեն եղել եւ հիմա իրենք պարզապես բերում են օրենքի դաշտ:

Զեյնալյանը արձագանքեց՝ եթե օրենքով նախատեսված է արդեն տեսախցիկներ տեղադրել, այդ դեպքում ի՞նչ կարիք կա նորից օրենքով սահմանելու: Ասում եք՝ բերում ենք օրենքի դաշտ ու հաստատում եք իմ տեսակետը, որ մինչեւ հիմա դա օրենքով նախատեսված չի եղել:

Փոխոստիկանապետն ասաց, որ չի կարելի ասել, որ օրենքով սահմանված չէր, ինչ վերաբերում է անձնական կյանքին միջամտելուն, նա ասաց, որ հասարակական կարգի պաշտպանության նպատակով Սահմանադրությամբ էլ ամրագրված է, որ կարող են եւ միջամտել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031