Ձմեռը՝ ձմեռ, տոներն իրենց հերթին, սակայն աշխատանքները Վեոլիա ջրի համակարգում չեն դադարում: Խոսքը ոչ միայն ջրամատակարարման մասին է, այլեւ նոր շինարարության: Այնտեղ, որտեղ որ հանրապետությունում դա հնարավոր է եղել, հռնդացել է շինարարական տեխնիկան, խողովակ են քաշել ու սարքեր տեղադրել մասնագետները:
Մասնավորապես, անցած դեկտեմբերն ու ընթացիկ հունվարը ջրամատակարարման առումով բեկումնային էին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակչության համար: Բավական է ասել, որ դեռ մինչեւ վերջերս «ջրի կռիվ» տվող այս բնակավայրի բնակիչների մի մասը Ամանորը դիմավորեց շուրջօրյա ջրամատակարարմամբ:
Վեոլիա ջրի «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Շահումյան» տեղամասի աշխատակիցների կողմից (գլխավոր ճարտարագետ՝ Արսեն Սիմոնյան) Փարաքար համայնքի ջրամատակարարման համակարգում կատարվեց զգալի աշխատանք: Այսպես, Նաիրի փողոցում մասամբ խցանված ու 3 մետրից ավելի խորությամբ գտնվող վթարված թուջե ջրագիծը փոխարինվեց 335 մետր երկարությամբ նոր պոլիէթիլենային խողովակով: Արդյունքում տնտեսվեց 6-7լ/վրկ ջրաքանակ ու նաեւ դրա շնորհիվ վերականգնվեց մինչ այդ ջրի ծարավ մի շարք փողոցների ջրամատակարարումը:
Հաջորդը: Ինքնին խոշոր համայնք հանդիսացող Փարաքարի բավականին մեծ հատվածի ջրամատակարարումն իրականացվում է օրվա կարգավորիչ ջրամբարի (ՕԿՋ) միջոցով: Նախկինում սպառողներն այստեղ կենարար հեղուկ էին ստանում ընդամենը 2-3 ժամ օրական, վերջինիս անբավարարության պատճառով: Դա նույնպես կարգավորվեց, երբ ջրամբարը շուրջօրյա ջրով ապահովելու համար կառուցվեց 354 մետր երկարությամբ պոլիէթիլենային նոր խողովակաշար (D=150մմ), այդ կերպ դեպի ՕԿՋ ուղղվող ջրագիծն առանձնացնելով համայնքի ընդհանուր ներքին բաշխիչ ցանցից:
Իրականացված ծրագրի շրջանակներում, պահանջվող վայրերում կառուցվեցին դիտահորեր, տեղադրվեցին արդիական սարքեր, հին փականները փոխարինվեցին նորերով՝ տեղի ջրամատակարարման համակարգը շահագործման եւ սպասարկման տեսակետից դարձնելով ավելի դյուրին եւ հուսալի:
Կատարված աշխատանքների արդյունքում նախկինում տարբեր ժամային գրաֆիկներով ջուր ստացող փողոցներն այսօր արդեն անցել են շուրջօրյայի, իսկ ՕԿՋ-ից սնուցվող տարածքները՝ 6-7 ժամյա ռեժիմի, ինչը նույնպես զգալի առաջընթաց է: Ավելին, չնայած ձեռքբերումներին, ջրամատակարարման հետագա բարելավմանն ուղղված աշխատանքները Փարաքարում ընթացիկ տարում նախատեսվում է շարունակել:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի
ծառայություն