Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքյան տարածքի ստվերը

Հունվար 17,2018 10:07

Հենց վերադարձա արձակուրդից, միանգամից ընկղմվեցի ֆեյսբուքյան ճահճի մեջ: Եթե ուրիշ մասնագիտություն ունենայի, բնականաբար, երբեք սոցիալական ցանց չէի մտնի, բայց երբ գործի մեջ եմ, չեմ կարող խուսափել դրանից: Ամեն անգամ այդ «f» նշանն ակտիվացնելիս զարմանում եմ՝ որտեղի՞ց է մարդկանց մեջ այդքան չարություն, այդ ինչպե՞ս է կյանքը նրանց նեղացրել (բառիս բուն եւ փոխաբերական իմաստներով), որ նրանք որեւէ բանից հաճույք չեն ստանում՝ բացի թունոտ գրառումներ անելուց:

Վերադառնալուս առաջին իսկ օրը, որը Սուրբ Ծնունդն էր, հասկացա, որ գլխավոր թիրախը պաշտպանության նախարարն է: Թե որքանով է հարձակումը կազմակերպված, իսկ որքանով՝ ինքնաբուխ, չեմ կարող ասել: Հավանաբար, 50/50 է: Բայց դա այնքան էլ կարեւոր չէ՝ էականն այն է, որ այս պահին Վիգեն Սարգսյանն այն թիրախն է, որին հարվածելով մարդիկ բավարարում են իրենց որոշակի բնազդները եւ հաղթահարում են բարդույթները: Այդպես է, կարելի է ասել՝ դատարկ տեղում, առաջացել «խաչքավորության հարցը»՝ մի ավանդույթ, որին ամեն մեկս ականատես է եղել առնվազն մի քանի տասնյակ անգամ, եւ խաչքավորի դերում տեսել ենք բազմաթիվ մարդկանց՝ պաշտոնավոր եւ անպաշտոն: Այնպես որ, դրա մեջ, կարծես թե, ոչ մի սենսացիա չկա:

Իհարկե, կարելի է լինել բողոքական կամ կաթոլիկ, մահմեդական կամ աթեիստ, հնարավոր է, որ Հայ Առաքելական եկեղեցու ավանդույթները խորթ եւ անհասկանալի թվան՝ ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչպես կառուցել սեփական հոգեւոր կյանքը: Բայց 4-րդ դասարանի աշակերտի նման ծաղրել, քմծիծաղ տալ ուրիշի հավատի առթիվ՝ դա, ինձ թվում է, հասուն մարդկանց չի զարդարում:

Հարձակման հաջորդ ալիքը պաշտպանության նախարարի՝ վիրավոր զինվորին օգնելու կոչից հետո էր: Դարձյալ անձնական ընտրության հարց է՝ ուզում եք՝ օգնեք, չեք ուզում` մի օգնեք: Ի վերջո, հոգու շարժում է, որը կամ կա, կամ չկա: Բայց այստեղ էլ ինչ-որ «իմպրովիզացիաների» թեմաներ հայտնաբերվեցին՝ բա որ այս մեկը հարուստ է, բա որ այն մեկը կաշառակեր է, եկեք այսինչի փողերը խլենք եւ տանք այդ զինվորին: Իհարկե, մեծամասնությունն այդպես չի մտածում, որովհետեւ մարդուն օգնության ձեռք մեկնելը կամ նման հորդորը չպիտի որ «օձային բնազդներ» արթնացնի: Բայց փոքրամասնությունն այս հարցերում չափազանց ակտիվ է ու աղմկոտ: (Մյուս կողմից՝ եթե պաշտպանության նախարարն իսկապես որեւէ ձեւով արձագանքում է այդ խայթոցներին, դա էլ է սխալ. ֆեյսբուքյան լեզվակռվի մեջ մտնելը չափազանց անպտուղ զբաղմունք է):
Եվ ամենակարեւորը. երբ մարդը ժամանակ եւ նյարդեր է ծախսում ուրիշներին խայթելու, ցավ պատճառելու վրա, նա կորցնում է կյանքի հրաշալի եւ թանկ ակնթարթները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    `(Մյուս կողմից՝ եթե պաշտպանության նախարարն իսկապես որեւէ ձեւով արձագանքում է այդ խայթոցներին, դա էլ է սխալ. ֆեյսբուքյան լեզվակռվի մեջ մտնելը չափազանց անպտուղ զբաղմունք է)`

    Ես այդ արտասահմանյան կայքից չեմ օգտվում ու կարծում եմ շատ բան չեմ կորցնում, իսկ խայթոցներին այնուամենայնիվ պետք է պատասխանել, որովհետեւ իսկական քաղաքական ու պետական գործիչները պարտավոր են ճշմարտությունն ասել ու պայքարել ստի դեմ, քանի որ այդ սուտը կարող է թունավորել միանգամայն մաքուր մարդկանց ուղեղները:

    Կարծում եմ պետական, քաղաքական ու տնտեսական գլխավոր պաշտոններում հիմնականում նշանակում են ՝վերեւներից՝ ու ոչ մի երաշխիք չկա, որ այդ կերպ նշանակված պաշտոնյաները չեն շեղվի ՝վերեւի՝ նախանշած ուղուց դեպի ազգի կողմը, դա է խայթոցների նպատակը: Դրանք շատ վտանգավոր պաշտոններ են այդ պաշտոնյաների համար, ազգը պետք է նրանց համար հզոր թիկունք լինի ու պաշտպանի նրանց, որ այդ ՝վերեւները՝ մեր ըմբոստ պաշտոնյաներին ձեռք չտան: Այնպես որ պետք չի բողոքել մեր նշանակված պաշտոնյաներից ու մեծահարուստներից, նրանք այնքան ազգասեր են, ինչքան ազգը հասուն է, միավորված է եւ ուժեղ է այդ ՝վերեւներից՝:

  2. Ruben says:

    Սկսվեց անեկդոտների տարին.`
    -Սեփական հոգեւոր կյանք, որտեղ հոգու շարժում կամ կա, կամ չկա:
    Բողոքական, կաթոլիկ, մահմեդական կրոններին պատկանող (կարգ ու կանոններին հնազանդվող) եւ աթեիստ զինծառայողները ինչպե՞ս պետք է վերաբերվեն առաքելական եկեղեցու ավանդույթներին եւ խաչքավոր պաշտպանության նախարարին:
    Բանակում կրոնը տարբերվու՞մ է հավատից (հավատքից):

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031