Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրական հայրենիքը գերադասել պատմականից»

Հունվար 17,2018 15:00

ՀՌԱՀ անդամ, հրապարակախոս Տիգրան Հակոբյանը 4 մլն-անոց
Հայաստան ունենալու նպատակը լիովին իրատեսական է համարում

– Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը 2040-ին ունենա առնվազն 4 մլն բնակիչ»: Այս ուղերձն արժանացավ հասարակության քննադատությանը, շատերը խիստ թերահավատ են, որ մենք կհասնենք այդ արդյունքին: Դուք Ձեր ելույթներում հայտարարել եք, որ այդ նպատակը իրագործելի է, կարող է համախմբել ժողովրդին եւ դրական փոփոխությունների շարժիչ ուժ դառնալ: Դուք համոզվա՞ծ եք, որ Հայաստանի ներկա իրավիճակում դա իրական ծրագիր է:

– Այո, կարծում եմ, որ 4 մլն բնակիչ ունենալու պարզ, մեկ թվով ձեւակերպված նպատակը կարող է դառնալ հայ ժողովրդին համախմբող տեսլական, գաղափար: Որովհետեւ յուրաքանչյուր հայ շատ լավ գիտակցում է, որ առանց ժողովրդագրական ներկա աղետալի վիճակի շտկման մեր երկիրը չի կարող հաղթել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, չի կարող պատասխանել գլոբալ աշխարհի մարտահրավերներին, բարեկեցիկ կյանք ապահովել իր քաղաքացիների համար: Եվ բոլորիս մտահոգող այս խնդրի լուծումը պետք է լինի ոչ միայն այդ նպատակին հասնելու, այլ նաեւ արմատական բարեփոխումների շարժիչ ուժը: Մեզ միավորող այլ գաղափար, ապագային միտված տեսլական մենք չունենք:

Մի օրինակ բերեմ. 2005 թ. աշխատում էի Թբիլիսիում: Մ. Սաակաշվիլին երրորդ տարին էր, ինչ երկրի նախագահ էր, քաղաքում դեռ հովհարային անջատումներ էին, սոսկալի չափերի գործազրկություն էր, միջին աշխատավարձը 120 դոլարը չէր անցնում: Բայց հույսի, լավատեսության մի շշմելու եւ ինձ համար անհասկանալի մթնոլորտ կար քաղաքում: Եվ ահա մի անգամ մեքենան վարելիս կոպիտ խախտում արեցի, ճանապարհային ոստիկանությունն ինձ կանգնեցրեց, երիտասարդ ոստիկանը սկսեց լրացնել տուգանքի թղթերը: Ես «ավանդական» միջոցի դիմեցի եւ ինչ-որ գումար առաջարկեցի նրան: Ոստիկանը հանգիստ զգուշացրեց ինձ կաշառք տալու հետեւանքների մասին եւ շարունակեց լրացնել թղթերը: Հարցրեցի նրան, թե ինչն է պատճառը, որ մերժում է փող վերցնելու մեր «բարի կովկասյան ավանդույթը»: Երիտասարդը պատասխանեց ինձ, թե գիտես, բատոնո, մենք ուզում ենք, որ մեզ մոտ լինի այնպես, ինչպես Ամերիկայում է: Եվ ես հասկացա, որ հենց այս պարզունակ, նույնիսկ քաղքենի թվացող «վրացական երազանքը»՝ ապրել, ինչպես Ամերիկայում, արագ իրականացվող բարեփոխումների շարժիչ ուժերից էր: Քանզի ապրել, ինչպես Ամերիկայում՝ նշանակում է կաշառք չվերցնել, ենթարկվել օրենքին, ճանապարհներ կառուցել, ապավինել սեփական ուժերին, պահանջել իշխանություններից պատշաճ կատարել իրենց պարտականությունները եւ այլն, եւ այլն:

– Վրաստանում բարեփոխումները «վերեւից» սկսվեցին եւ ոչ միայն ուղերձների եւ ցանկությունների ձեւով:

– Անշուշտ, այս խնդրի լուծման գործիքները առաջին հերթին իշխանության ձեռքում են: Առանց խորը, քաղաքական կամք պահանջող ռեֆորմների ոչինչ չի ստացվի: Բայց եկեք խոստովանենք, որ ոչ 5, ոչ 10 տարիների ընթացքում չենք կարող վերացնել այն սուբյեկտիվ եւ օբյեկտիվ գործոնները, որոնք բերել եւ բերում են ժողովրդագրական այս իրավիճակին:

Ինչպիսի հանճարների ձեռքում էլ լինի երկրի կառավարման ղեկը, միեւնույն է՝ մոտ ապագայում Հայաստանի պայմանները ավելի բարվոք չեն լինի, քան խոշոր հայկական համայնքներ ունեցող մի շարք երկրներում: Միշտ էլ կգտնվի մի երկիր, որտեղ կյանքն ավելի հարմարավետ ու ապահով կլինի: Ուրեմն ոչ միայն բարեկեցիկ ապրելու բնական պահանջը պետք է երկրից չհեռանալու կամ երկիր վերադառնալու առաջնային գործոնը լինի:
Տեսեք, Իսրայել պետության հռչակումից անմիջապես հետո 5 հարեւան արաբական երկրները հարձակում գործեցին այդ փոքր, դեռ չձեւավորված պետության վրա, որտեղ դեռ ոչ մի ինստիտուցիոնալ համակարգ չէր գործում: Սակայն ընդամենը չորս տարվա ընթացքում (1948-1951 թթ.) Իսրայել մշտական բնակության տեղափոխվեց ավելի քան 550 հազար հրեա, որոնց զգալի մասը եկավ բարեկեցիկ երկրներից՝ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Հյուսիսային Ամերիկայից: Եկան կարիճներով լի եւ թշնամիներով շրջապատված դատարկ անապատները: Նրանք չասացին, թե՝ ստեղծեք պայմաններ, մենք կվերադառնանք, այլ եկան եւ կառուցեցին իրենց ազգային օջախը:

Կրկնեմ. ազգերը միավորող, կոնսոլիդացնող տեսլականներն են բերում հաջողության: Հրեաների մոտ դա «Եկող տարի Երուսաղեմում»-ն էր, վրացիների մոտ՝ «Ուզում ենք լինել Ամերիկայի պես», մեզ մոտ կարող է լինել 4 մլն բնակիչ ունենալու գաղափարը, ձգտումը: Կան նաեւ այլ բազմաթիվ օրինակներ: 1990-ական թթ. Ղազախստան տեղափոխվեցին 52 000 ղազախ ընտանիքներ: Նրանք արձագանքեցին երկրի իշխանությունների կոչին իրենց լուման ներդնել Ղազախստանի ժողովրդագրական պատկերի փոփոխմանը, երբ էթնիկ ղազախները մեծամասնություն չէին կազմում իրենց պետությունում: Հիմա ղազախները կազմում են այդ երկրի քաղաքացիների 63 տոկոսը:

– Հասարակական տարբեր շերտեր՝ սկսած տաքսու վարորդից մինչեւ խանութի վաճառողուհիները, խոսում են այն մասին, թե Հայաստանը խորտակվող նավ է, բոլորի մեջ արտագաղթի տրամադրություններն են, անընդհատ լսում ենք՝ «էս երկիր չի, էս ապրելու տեղ չի»: Եվ Դուք կարծում եք, որ այս համատարած հիասթափության, անվստահության մթնոլորտում կարելի՞ է իրագործել այս հավակնոտ ծրագիրը:

– Հասարակական ապատիան եւ սեփական երկրի հանդեպ այսպիսի որակավորումները ոչ պակաս վտանգավոր են մեզ համար, քան կոռուպցիան, իրավական կամայականությունները, աղքատությունը, կեղծված ընտրությունները եւ այլն: Ինձ հաճախ թվում է, որ ձեր նշած «էս երկիր չի, էս ապրելու տեղ չի» եւ նմանատիպ, ինչպես ես անվանում եմ՝ «կործանարար մեմերը» ներդնում են այստեղ ոչ բարեկամական երկրների հատուկ ծառայությունները:

Բայց հասարակությունը, որպես սոցիալական օրգանիզմ, շատ նման է առանձին վերցրած մարդուն՝ նույն սոցիալական եւ տնտեսական պայմաններում այսօր կարող է լինել տխուր եւ հիասթափված, վաղը՝ կենսախինդ, աշխատունակ եւ լավատես: Եվ պետք է փորձենք դարձնել 4 միլիոնանոց Հայաստանը (իսկ հետո՝ 5, 6, 7 միլիոն) այն գործիքը, այն իղձը, որը այս նպատակի բոլոր շահառուներին կստիպի կառուցել այն անվտանգ եւ բարեկեցիկ Հայաստանը, որում հարմարավետ կլինի ապրել, աշխատել, ստեղծագործել: Իսկ շահառուն առաջին հերթին ժողովուրդն է, հասարակության բոլոր շերտերն են, այլ ոչ թե իշխանությունները: 30 տարի առաջ սկիզբ առած Ղարաբաղյան եւ Անկախության շարժման ժամանակ մեր նպատակներին հասանք ե՛ւ միութենական, ե՛ւ տեղական իշխանությունների կոշտ դիմադրության պայմաններում: Այսօր միանգամայն այլ իրավիճակ է, շատ ավելի նպաստավոր մեր ազգային իղձերի իրականացման համար, բայց արի ու տես, որ մենք չենք ցանկանում տեսնել մեր առջեւ բացված հնարավորությունները:
Վանո Սիրադեղյանը դեռ 20 տարի առաջ գրել էր՝ «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ…»: Չէի ցանկանա, որպեսզի Վանոյի խոսքերը մարգարեական դառնան: Իրական հայրենիքը մեզ համար պետք է գերադասելի լինի պատմականից:

– Իսկ ի՞նչ մեխանիզմներ կան մարդկանց այս տեսլականով վարակելու: Հայերի շրջանում կա այսպիսի տարածված ասացվածք՝ «որտեղ հաց՝ այնտեղ կաց», եւ սրան հետեւում են շատ մարդիկ, եւ ոչ մի տեսլական չի փոխարինի աշխատանքին, հանապազօրյա հացին, երեխաների ապագայով մտահոգությանը:

– Այդ միտքը արտահայտող ասացվածքներ կան բազմաթիվ ժողովուրդների մոտ, սխալ է դատել ժողովուրդների մասին տարբեր տեսակի ասացվածքներով: Կյանքի որակը, հարմարավետությունը բնորոշում են տասնյակ չափորոշիչներով, եւ մի շարք այդ չափանիշներով (չեմ թվարկի, դրանց մասին շատ է խոսվում) Հայաստանը շահեկանորեն տարբերվում է այլ երկրներից, ուր ձգտում են գնալ մեր հայրենակիցները: Բայց կա նաեւ «Ոչ միայն հացիվ» ասացվածքը, հայրենասիրությունը, սեփական արմատների եւ կոչումի որոնումը, պատասխանատվությունը քո պետության եւ ազգի առջեւ՝ դրանք իռացիոնալ, ոչ նյութական կատեգորիաներ են, եւ այդ իռացիոնալ մեխանիզմները պետք է ի շարժ գան:
Եվ ուրեմն՝ տնտեսական, սոցիալական, իրավական մեխանիզմների մշակումը եւ իրագործումը պարտադիր, բայց բավարար գործոններ չեն «2040/4 միլիոն» նպատակին հասնելու համար: Պակաս կարեւոր չէ այս նպատակի տեղեկատվական-քարոզչական ուղեկցությունը: Պետք է կարողանանք ջարդել զանգվածային գիտակցության մեջ ամրագրված քարացած կարծրատիպերը, առասպելները, պատնեշ դնել ապատեղեկատվությանը, մոտիվացնել մարդկանց, վարակել այս գաղափարով, ներդնել «տոտալ մրցակցության» համակարգը այն բնագավառներում, որոնք էական արդյունքներ կունենան մեզ համար: Կարեւոր չէ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ո՞ր ազգի մշակութային ժառանգություն կհամարի լավաշը, կարեւոր է՝ քանի երեխա է ծնվում հայկական ընտանիքում: Ադրբեջանցիների հետ հարկավոր է մրցել ոչ թե ալյուրից հաց ստանալու արհեստում, այլ մահճակալում: Շատ երեխա ունենալը ավելի նուրբ եւ պատվաբեր արվեստ է, նաեւ պարզ մարդկային երջանկության գրավական:

– Այսինքն՝ մարդիկ պետք է շատ երեխաներ ունենան՝ առանց նրանց հետագա ճակատագրի մասին մտածելո՞ւ:

– Երեխայի ապագայի մասին մտածելը հոգեբանական խաբկանք է: Մտածում-մտածում ենք, իսկ կյանքն իր կանոններն է թելադրում: Նյութապես շատ հարուստ հազարավոր մարդիկ կան, որոնք մեկ-երկու երեխայով են բավարարվում, որպեսզի ապահովեն նրանց ամեն ինչով, եւ այդ երեխան պարազիտ է մեծանում, ճոխ մեքենայի ղեկին նստած անմեղ մարդկանց կյանք է խլում: Երեխայի ապագան հաճախ կախված չէ ո՛չ ընտանիքի բարեկեցությունից, ո՛չ երեխաների քանակից, այլ դաստիարակությունից, ծնողներից իրենց անցնող արժեքային համակարգից, աշխատասիրությունից: Եթե ուսումնասիրությունները նայենք, ապա գյուղերի բազմաշատ ընտանիքների երեխաները՝ նեղության մեջ մեծացած, իրենց ավագ եղբոր կամ քրոջ շորերը հագած, լույսը չբացված արտում կամ գոմում ծնողներին օգնած… նրանք շատ ժամանակ շատ ավելի մեծ հաջողությունների են հասնում, քան 1-2 երեխա ունեցողների՝ լկստված, անգործունակ եւ ոչ մրցունակ երեխաները:

– Դուք խոսեցիք իշխանության եւ հասարակության անելիքների մասին: Իսկ ի՞նչ դերակատարություն պետք է ունենա «2040/4 միլիոն» ծրագրի իրագործման հարցում Սփյուռքը:

– Ցավոք, Սփյուռքը հայրենադարձության խնդիրը իր համար առաջնային չի համարում: Տեսեք, Սփյուռքում հարյուրավոր կազմակերպություններ են գործում՝ հայրենակցական, բարեգործական, մշակութային, լոբբիստական, պահանջատիրական, սակայն չկա գեթ մեկ կազմակերպություն, որը կզբաղվեր հայրենադարձության խնդիրներով: Որեւէ արձագանք չգտավ նաեւ ՀՀ նախագահի ուղերձը՝ 4 միլիոնանոց Հայաստանի մասին: Ընդհանրապես, նկատել եմ, որ վերջերս Սփյուռքը հետագա քննարկման համար պիտանի իմաստներ, առաջարկություններ, նախաձեռնություններ չունի, բավարարվում է Հայաստանում չլուծված խնդիրների թվարկմամբ, քննադատությամբ: Այստեղ մեծ ծավալի աշխատանքի անհրաժեշտություն կա: Բայց այս խնդիրը երկար եւ առանձին զրույցի թեմա է, որին կարող ենք անդրադառնալ հետագայում:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

16.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031