Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում արտագնա նիստ էր հրավիրել ու մերժել էր 11 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Հակոբյանի վաղաժամկետ ազատման մասին դիմումը: «Ինձ առաջադրված շինծու մեղադրանքով առանձնապես ծանր հանցագործություն են վերագրել ու անօրինական դատապարտել: Օրենքն այդ դեպքում նույնպես նախատեսում է պատժի երկու երրորդի կրման դեպքում դատապարտյալին կալանքից վաղաժամկետ ազատվելու հնարավորություն տալ»,- ասում է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավորը: Ըստ նրա՝ պատժի նպատակը դատապարտյալին ուղղելն է, իսկ նա ի սկզբանե պատժի հետագա կրման կարիք չուներ, քանի որ ուղղվելու որեւէ խնդիր չի եղել եւ նման անհրաժեշտություն ընդհանրապես չի լինելու: Ա.Հակոբյանը 2010թ. ապրիլի 10-ից մինչեւ օգոստոսի 2-ը գտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ օգոստոսի 2-ից մինչեւ 2012թ. հոկտեմբերի 10-ը՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում (ազգային անվտանգության ծառայության տարածքում գտնվող), իսկ 2012թ. հոկտեմբերի 10-ից մինչ օրս՝ 5 տարի եւ 2 ամիս գտնվում է «Հրազդան» ՔԿՀ-ում: Ա. Հակոբյանն այդ տարիների ընթացքում որեւէ անգամ որեւէ խախտում, որեւէ նկատողություն, որեւէ պատիժ չունի:
Դատապարտյալը ՔԿՀ-ում արտագնա դատական նիստի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Իսախանյանից տեղեկացել է, թե իր նկատմամբ քաղհայց կա:
Մինչդեռ ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Վ. Մարգարյանին ՀՀ դատական դեպարտամենտի «Դատական պրակտիկայի ամփոփման եւ վիճակագրության վարչության» պետ Նարեկ Գաբրիելյանը տեղեկացրել էր, որ 30.04.2015թ. կայացվել է Աշոտ Հակոբյանի դեմ ներկայացված հայցապահանջի մասով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործի վարույթը կարճելու մասին որոշում: Իսկ մեկ այլ քաղաքացիական գործով 13.10.2015թ. քաղաքացիական գործի վարույթը Աշոտ Հակոբյանի մասով կարճելու վճիռ է կայացվել:
Աշոտ Հակոբյանն «Առավոտում» հրապարակած «բաց նամակով» տեղեկացրել էր, որ 2007թ. աշնանը հայտնաբերել է մի հանցախումբ, որը ղեկավարել է «Իրավագարանտ», «Եվրոֆինանս» եւ «Ռուսոֆիլ» ՍՊ ընկերությունների հիմնադիր տնօրեն Վոլոդյա Թորգոմի Վարդանյանը, նրա որդիները՝ Արման, Արամ, Թորգոմ Վարդանյանները. «ինչպես իմ տնօրինած «Խաչվառ» եւ «Շենգավիթ Ա» ՍՊԸ-ներից առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ էին հափշտակել, հանդիպելով պահանջել էի, որպեսզի անմիջապես հետ վերադարձնեն»: Դատապարտյալն ասել էր, որ 10 տարի առաջ նշյալ ընտանիքի անդամների հետ երբ փորձ էր արել հանդիպել, Վոլոդյա Թորգոմի Վարդանյանն անհետացել էր, իսկ նրա որդիներն էլ տարածել էին, թե իրենց հորը գումարային պարտքերի պատճառով առեւանգել ու սպանել է: «Հոր սպանությունից» հետո, երկու-երեք օրվա ընթացքում անվանափոխելով իրենց ՍՊԸ-ները, որդին՝ Թորգոմը դառնում է «Իրավագարանտ» ՍՊԸ-ի տնօրեն, Արամը՝ «Եվրոֆինանս» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Արմանը՝ «Եվրոֆինանսի» 50%-ի բաժնետեր: Եվ այս ամենը կատարվում է այն ժամանակ, երբ Թորգոմ եւ Արման Վարդանյաններն արդարադատության նախարարության աշխատակիցներ էին»,- դատարանին ներկայացրել է Ա. Հակոբյանը:
Քաղհայցերը, որոնց մասին ակնարկել էր գլխավոր դատախազության ներկայացուցիչը, որը հիմք էր դարձել նրա վաղաժամկետ ազատման դիմումը մերժելու համար, երկու միանման հայցեր էին՝ կապված «պահանջի իրավունքի զիջման մասին» պայմանագրերի հետ: Դրանք ընդունվել են հանգուցյալ դատավոր Խաչիկ Բաղդասարյանի վարույթ եւ մերժվել էին: Մեկ այլ դատավոր՝ Բարսեղյանը, հօգուտ ՍՊԸ-ների վճիռ է կայացրել, որով «Շենգավիթ Ա» ՍՊԸ-ն իր գումարներն էր պահանջել:
«Առավոտ» թերթում դատապարտյալը հանդես էր եկել ՀՀ գլխավոր դատախազին եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղված «բաց նամակով» 2017թ. մարտին, իսկ մեկ այլ «բաց նամակ» էլ սեպտեմբերի 19-ին ուղղված էր անկախ հանձնաժողովի նախագահ Արամ Խաչատրյանին եւ հանձնաժողովի 6 անդամներին, որոնք, ըստ կալանավորի՝ այդպես էլ չծանոթացան ներկայացված փաստերին: «Շենգավիթ Ա» ՍՊԸ-ի հիմնադիր Աշոտ Հակոբյանը տուժող է ճանաչվել եւ ըստ նրա՝ եթե որեւէ վնաս պատճառած լիներ «Շենգավիթ» ՍՊԸ-ին, ապա որպես վնասի պահանջատեր կարող էր հանդես գալ ինքը, մինչդեռ մինչ օրս՝ 9,5 տարի ՍՊԸ-ն որեւէ պահանջ չի ներկայացրել նյութական վնասի առչնությամբ: Չկա որեւէ դատական ակտ, որեւէ վեճ: Ինչ վերաբերում է Արաբկիրի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործին, որը հարուցվել է Թորգոմ Վարդանյանի եւ Գեւորգ Գեւորգյանի կողմից՝ խարդախություն կատարելու դեպքի առթիվ, ապա վերստին հիշեցնենք, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզում էր հայտարարվել Թորգոմ Վարդանյանի նկատմամբ, իսկ Կենտրոնի քննչական բաժնի կողմից էլ 2016թ. դեկտեմբերի 19-ին հարուցված քրեական գործի հիման վրա էլ՝ Արման Վարդանյանի նկատմամբ: Դատապարտյալը քանիցս հայտնել է Վարդանյանների գտնվելու վայրի մասին, սակայն քննչական մարմինն այդ ուղղությամբ հաջողության չի հասել:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, արդարադատության գնդապետ Սամվել Ասատրյանն անցյալ տարվա սեպտեմբերի 4-ին արձագանքելով Աշոտ Հակոբյանի «բաց նամակին»՝ տեղեկացրել էր, որ այն ուսումնասիրվել է քրեական հետախուզության գլխավոր վարչությունում եւ պարզվել էր, որ Թորգոմ Վոլոդյայի Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ներկայումս գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում, իսկ նրա նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը. «Թ. Վարդանյանին օտարերկրյա պետության տարածքում հայտնաբերելու, ձերբակալելու եւ այնուհետեւ ՀՀ տեղափոխելու նպատակով ներկայումս քննարկվում է վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու հարցը»: Իսկ մեկ այլ պաշտոնական գրությամբ էլ քրեական հետախուզության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ս. Ասատրյանին տեղեկացվում է, որ գլխավոր դատախազությունից 2017թ. սեպտեմբերի 6-ին ստացվել է դատապարտյալ Աշոտ Հակոբյանի «բաց նամակը», որում նշված է, թե հետախուզվող Վոլոդյա Թորգոմի Վարդանյանը ներկայումս գտնվում է Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա ավանում եւ օգոստոսի 26-ին տեղի է ունեցել նրա հարսանյաց հանդեսը, հարսնացուն էլ հանդիսացել է համագյուղացի «Իլյաշ» մականունով հայտնի Իսրայելյան ազգանունով մեկի դուստրը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
16.01.2018