Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է լինի կենտրոնացված պետական կազմակերպություն»

Հունվար 17,2018 13:30

Հնչյունային ռեժիսոր Հմայակ Նավասարդյանի
դիտարկումներն իր ոլորտի մասին

Անընդհատ շրջանառվում է այն միտքը, որ լավ մասնագետների պակաս չունենք: Նույն կարծիքը չկա հնչյունային ռեժիսուրայի վերաբերյալ: Իմիջիայլոց, դեռ խորհրդային տարիներից Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության ամենօրյա աշխատանքում խիստ անհրաժեշտ էր բարձրակարգ նման մասնագետների առկայությունը: Առանց հնչյունային ռեժիսորի ոչ մի համերգ ու ներկայացում, ոչ մի ֆիլմ, ոչ ռադիո եւ հեռուստատեսային հաղորդում չի կարող լինել: Բոլոր տեսակի հանդիսությունները, առանձնապես հրապարակային եւ կառավարական, ու մանավանդ երաժշտական ակցիաների համար առաջին կարեւորագույն հարցն է ձայնի ապահովումը:

Վերջերս կարեւորագույն հանդիսությունների ընթացքում մասնագետները հրավիրվում են արտասահմանից, հիմնականում՝ Ռուսաստանից, նույնիսկ Վրաստանից: Օրինակ՝ Հանրապետության հրապարակում կայացած Սերժ Թանկյանի համերգին երգիչն իր համար բոլոր սարքավորումները ինքնաթիռով բերել էր իր հետ: Բայց խնդիրն ամենեւին չի վերաբերում միայն մասնագետներին. մեր հանդիսային շուկայի հնարավորությունները խիստ սահմանափակ են եւ ձայնասպասարկման փոքրաթիվ ընկերություններ զարգանալու հնարավորություն գրեթե չունեն: Նրանք իրենց մի կերպ ձեռք բերած-ունեցածով պիտի կարողանան վաճառվել, որպեսզի դրա հաշվին կարողանան նոր սարքավորումներ գնել՝ լրացնելով օրեցօր կատարելագործվող տեխնիկան, ինչը քիչ հավանական է: Ի վերջո, առանց բարձրակարգ սարքավորումների որակյալ մասնագետներ երբեք չենք ունենա, թեեւ վերջին շրջանում համապատասխան բաժին է բացվել Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում:

Ցավոք, այսօր Հայաստանում առկա համապատասխան սարքավորումներն իրենց արտադրության պահից սկսած՝ արդեն հնացած են:

«Առավոտը» հանդիպեց հնչյունային ռեժիսոր, «Արամ Խաչատրյան» համերգասրահի ձայնահնչյունային ծառայության պետի տեղակալ Հմայակ Նավասարդյանին: Երաժիշտներից, այդ թվում՝ հյուրախաղերի եկած, մասնավորապես երգիչներից հաճախ լսում ենք դժգոհություններ հնչյունային ռեժիսորի հասցեին այն դեպքում, երբ երեք մշակութային օջախներում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Ազգային օպերային եւ Սունդուկյանի անվան թատրոններում տեղադրված է, ինչպես ժամանակին ներկայացվեց՝ վերջին ճիչ հանդիսացող լուսաձայնային տեխնիկա:

Մեր զրուցակիցը հաստատելով ասվածը, հայտնեց. «Միայն տեխնիկան դեռ երաշխիք չէ միջոցառման հաջողության համար, քանի որ, օրինակ, մենք ունենք բարձրակարգ ձեռքի ռադիոմիկրոֆոններ, բայց միջոցառման ժանրային տեսակից ելնելով՝ հաճախ անհրաժեշտ են լինում դեմքին ամրացվող միկրոֆոններ կամ՝ լինում են երեկոներ, երբ, ասենք, առանց կիթառային ուժեղարարների պարզապես հնարավոր չէ եւ այլն, եւ այլն: Հետեւաբար նման դեպքերում անհրաժեշտություն է լինում, որ այս կամ այն սարքավորումը վարձակալենք: Հաճախ սարքավորումների հետ «գալիս» է նաեւ իրենց մասնագետը՝ հնչյունային ռեժիսորը»:

Հետաքրքրությանը՝ հնարավոր չէ՞ հրաժարվել «դրսի» հնչյունային ռեժիսորի ծառայությունից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե, հնարավոր է: Բայց նման մի բան կա. ես ծանոթ եմ իմ տեխնիկային, ինչով աշխատելն ինձ համար ավելի դյուրին է, քան դրսից բերված թեկուզ ամենաբարձրակարգը…»:

Ժամանակին Կոնստանտին Օրբելյանն ուներ իր անփոխարինելի հնչյունային ռեժիսորը, առանց որի Հայաստանի պետական ջազ նվագախումբը հյուրախաղերի չէր մեկնում: Այս առիթով Հմայակ Նավասարդյանն ասաց. «Դա ամենաճիշտն է: Յուրաքանչյուր փոքր, թե մեծ նվագախումբ պետք է ունենա իր հնչյունային ռեժիսորը: Չէ՞ որ վերջինս գիտի յուրաքանչյուր արտիստի, մենակատարի յուրահատկությունն ու նախասիրությունը: Ես էլ շուրջ 20 տարի աշխատելով այս համերգասրահում, արդեն գիտեմ մեր եւ հյուրախաղերի հաճախ եկող արտիստների նախասիրությունները: Այս ամենը ուղիղ համեմատական է դահլիճի ակուստիկային»: Հետաքրքրությանը՝ ինչպե՞ս շտկել հնչյունային ռեժիսորի հանդեպ ունեցած անվստահությունը, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Պարզ ու հասարակ: Անհրաժեշտ է ի վերջո ունենալ կենտրոնացված պետական մի կազմակերպություն, որտեղ կլինեն հնչյունային բարձր որակ ապահովող տեխնիկական սարքավորումներ: Սա այն ոլորտն է, որ զարգանում է օրեցօր: Թե չէ, կրկնում եմ՝ որոշ մշակութային օջախներում կան անհրաժեշտ հնչյունային խառնիչ վահանակներ, անհրաժեշտ միկրոֆոններ, ելքային ուժեղարարներ եւ այլն: Ասեմ, որ միայն այս թվարկածով որակ չես ապահովի»:

Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ Հայաստանում կան հիանալի հնչյունային ռեժիսորներ, բայց գոյություն ունեն դահլիճներ, որոնք ունեն միայն իրենց բնորոշ առանձնահատկությունը. «Արամ Խաչատրյան» համերգասրահում ես համագործակցում եմ դրսից եկած իմ կոլեգաների հետ նույնպես: Ձեր նկարագրածով վիճակը շատ տխուր է, մինչդեռ ես այդ կարծիքին չեմ: Մի բան ասել եմ ու կասեմ՝ հնչյունային ռեժիսորի խնդիրը գալիս է տվյալ դահլիճի ակուստիկայից: Կրկնում եմ՝ իմ կոլեգաները պատրաստված են եւ թեորապես, եւ պրակտիկ աշխատանքով: Բայց հաճախ հանդիպում են ակուստիկ այնպիսի խնդիրներ, որ պարզապես անզոր ես լինում որեւէ բան անել»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

16.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031