«Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանության գործով դատական նիստին երեք ամբաստանյալները՝ Սարգիս Գրիգորյանը (Ծըգըլ մականունով), Սարգիս Հախանումյանը` («Տլե») եւ Վահան Հակոբյանը` («Գաստիկ») դատարան չէին բերվել, ինչի համար էլ դատական նիստը հետաձգվեց:
Դատարանը հայտնեց, որ ամբաստանյալները դատարան չեն բերվել ուղեկցող ոստիկանների ծանրաբեռնվածության պատճառով:
Հիշեցնենք, որ Սարգիս Գրիգորյանին, Սարգիս Հախանումյանին եւ Վահան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, որ համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող` 1963թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «XB 7048» համարի «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «537301» համարի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի CM 1114» համարի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով: 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ