ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հունվարի 16-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում իրենց ինստիտուտի համար 2017-ը բեղմնավոր տարի որակեց:
«Որքան էլ ֆինանսական միջոցները չեն ներում, այնուամենայնիվ կարողանում ենք աշխատել եւ մեծ արդյունքներ արձանագրել: 257 աշխատություն ենք հրատարակել անցյալ տարվա ընթացքում, որոնցից 47%-ը օտար լեզվով, հասկանալով մեր ասելիքի կարեւորությունը: Մեր մարտավարությունը հիմնականում նրա վրա է կառուցված, որ ասելիքը հասցնենք դրսին»,-ասաց պարոն Մելքոնյանը:
Նա անդրադարձավ նաեւ 2018թ. անելիքներին. «2018թ., անկասկած, հագեցած է բազմաթիվ իրադարձություններով, եւ մենք որպես գիտական հաստատություն պետք է անդրադառնանք այդ խնդիրներին: Արդեն մեկ ամիս անց լրանում է Արցախյան շարժման 30 ամյակը, ազգային-ազատագրական շարժում, որը արագորեն փոխակերպվեց դրական իմաստով անկախական շարժման, հռչակվեց Արցախի Հանրապետության անկախության հռչակումը, նաեւ ՀՀ անկախության հռչակումը: Ունենք բազմաթիվ գիտաժողովներ, որոնցից առաջինը կլինի Արցախի անկախությանը նվիրված գիտաժողովը:
Մասնագետների ենք հրավիրել արտասահմաններից, նաեւ հեղինակավոր ԶԼՄ-ների ղեկավարներ են մասնակցելու այդ գիտաժողովին, որը տեղի է ունենալու փետրվարի 23-ին, ԳԱԱ-ում, ԵՊՀ-ի հետ միասին ենք այդ գիտաժողովը կազմակերպում»:
Արցախի անկախության թեմայով գիտաժողովի շեշտադրումներն առանձնացնելիս, Պատմության ինստիտուտի տնօրենն ընդգծեց. «Մենք կարեւորում ենք Արցախյան շարժումը, ոչ միայն որպես ինքնորոշման համար շարժում, այլեւ շարժում ազգային-ազատագրական բնույթի, որովհետեւ չգիտես ինչու ԽՍՀՄ-ի շրջանում այդ շարժումը հակված ենք տեսնելու որպես ինքնորոշման իրավունքի համար ծավալված շարժում, իսկ հիմա մենք դիտարկելու ենք որպես ազգային-ազատագրական շարժում, որը հանգեցրեց նաեւ ՀՀ անկախացմանը 1991 թ: Կուզենայինք լսել նաեւ արտասահմանցի մասնագետների խոսքը այդ մասին` որպես ԽՍՀՄ-ի դեմ ծավալված ազգային-ազատագրական շարժումների համատեքստում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ