«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ գնաճին: Նա ասաց, որ գնաճ այլ երկրներում էլ է լինում, բայց Հայաստանում այն յուրահատուկ է. «Աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրում տարին սկսում ենք թանկացումներով:
Վարչապետն իր ասած արտակարգ ռեժիմով աշխատելու փոխարեն մեկնում է զվարճանք-խրախճանքների, նախարարները գինարբուքի մեջ են, մոռանում են իրենց պարտականությունների մասին: Իսկ երբ երկրի ղեկավարն է հավաքում պատկան մարմիններին, նրանք, ասես դասը վատ սերտած աշակերտների նման գրիչները ձեռքերին ջանք են գործադրում՝ ցույց տալու, որ շատ մտահոգ են եւ ծանոթանում են իրենց առօրյա գործառույթներին այն ժամանակ, երբ այդ մասին ահազանգում է իրենց երկրի ղեկավարը»:
Ըստ բնակչության, գնաճը ունի սոցիալական, տնտեսական, քաղաքական հիմքեր: Նա ասաց, որ եթե գնաճը 4 տոկոսի շրջանակներում էլ պահեն, կենսապահովման նվազագույն զամբյուղը չեն կարողանա մարդիկ գնել: Տնտեսական աճ են արձանագրում, բայց դա որեւէ կերպ չի անդրադառնում մարդկանց կենսակերպի վրա:
Նույն խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ հորդորեց պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ