Անցյալ տարի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մարզերից հարյուրավոր բիզնես-ծրագրեր ստացավ, որոնք դրվեցին վարչապետի սեղանին: Պարոն Լոքյանը հայտնեց, որ ստացված 150 ծրագրերից հավանել եւ ընթացք են տրվել 57-ին, որոնցից 20-նն արդեն ֆինանսավորվել են` ընդհանուր 653 միլիոն դրամի սահմաններում:
Եղել են նաեւ գործարարներ, որոնք հրաժարվել են հավանության արժանացած իրենց ծրագրերից` պատճառաբանելով, որ վարկի տոկոսներն են բարձ կամ գրավ չունեն: Ըստ պարոն Լոքյանի, հրաժարված գործարարները նշել են, որ իրենք ոչ թե վարկ են ակնկալել, այլ` դրամաշնորհ:
Կառավարության նիստերի դահլիճում այսօր նախարարն ընդունել էր մարզերի խոշորացված եւ խոշոր համայնքների տնտեսական հարցերով պատասխանատուներին` ներկայացնելու, թե կառավարությունը ինչ է առաջարկում բիզնես-ծրագրեր ունեցողներին: Գործարարներին շահագրգռելու համար նախարարն, ասաց, որ պետությունը ներկայացված բիզնես-ծրագրերին, որոնք հավանության կարժանան, վարկի գումարները մինչեւ 6 տոկոս կսուբսիդավորի:
«Եթե մենք չգիտենք տվյալ համայնքն ինչ է արտադրում, ինչ ծավալներով, ինչ հնարավորություններ ունի, խոսել տնտեսական մեծ ներդրումներ, ծրագրերի մասին, հնարավոր չէ: Եթե ֆոնդային բյուջեով համայնքները կկարողանան դիմել 5 միլիարդ դրամի սահմաններում, ապա նույն չափ պետությունը կհամաֆինանսավորի կամ կկրկնապատկի»,-ասաց Դավիթ Լոքյանը:
Մանրամասները` տեսանյութում
Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վարազդատ Կարապետյանը հայտնեց, որ որքան հեռու է բնակավայրը կամ նայած, թե քանի աշխատատեղ կստեղծի, այնքան բարձր կլինի ծրագրի արժեքը:
Նախարարության պատասխանատուները ամեն համայնքից 2-3 ծրագիր են ակնկալում` վստահեցնելով, որ գումարի սահմանափակում չկա: Նաեւ նշեցին, որ պայմաններից մեկն այն է, որ գործարարը մինչեւ 30 տոկոսը պիտի ներդրում անի, իսկ առավելագույն սուբսիդավորման չափը մինչեւ 20 միլիոն դրամն է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ