Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով կրկնակի փորձաքննություն անցկացնելու միջնորդություն կներկայացվի

Հունվար 16,2018 17:39

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի իրավասության դատարանը հետազոտեց 2015-ին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հղիության ընթացքում կատարված հետազոտությունների վերաբերյալ փաստաթղթերը, հիվանդության պատմագիրը, ինչպես  նաեւ նորածնի առողջական տվյալների վերաբերյալ փաստաթղթերը:

Փաստաթղթերի հետազոտումից հետո Մերի Մարգարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը, հղում անելով փաստաթղթերին, ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանից հետաքրքրվեց՝ եթե երեսուն շաբաթական հղիության ժամանակ Մերի Մարգարյանի արյան լյարդացման համակարգն է հետազոտվել ու հայտնաբերվել են մուտացիաներ, հետերոզիգոտ, ինչ համապատասխան վերահսկողություն է կատարվել, ի պատասխան բժշկուհին ասաց, որ նա ստանում էր անգիովիտ եւ ֆոլաթթու:

Մյուս հարցին, թե այդ դեպքում ինքն իրավասո՞ւ էր միայնակ հսկողություն իրականացնել, թե արյունաբանի հետ պետք է համագործակցեր, Շուշանիկ Բախշյանը պատասխանեց, որ նշանակվել է վիտամինային պրեպարատ, արյան մատակարարման հոսքը նորմալ էր, ինչի մասին բժշկական փաստաթղթերում նշված է:

Դատական նիստը մեղադրող դատախազի միջնորդությամբ հետաձգվեց, նշանակվեց հունվարի երեսունին: Մեղադրողը ժամանակ խնդրեց որ դատաբժշկական հանձնաժողովի վերաբերյալ կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնի:

Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով Շենգավիթ բժշկական կենտրոնում որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն` հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Մարգարյանի հղիությունը: Բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով Շենգավիթ բժշկական կենտրոնում որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն` հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031