«Ի՞նչ պարտադիր է, որ մեր եւ պարոն Ծառուկյանի, մեր եւ պարոն Փաշինյանի կամ մեկ այլ անձի կարծիքները համընկնեն բոլոր հարցերում: Հարգանքով եմ վերաբերվում իմ բոլոր քաղաքական գործընկերներիս, այդ թվում՝ պարոն Ծառուկյանի գնահատականին»,-Խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությանը, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք՝ «Սերժ Սարգսյանը ձեզ համար անփոխարինելի՞ մարդ է» հարցին Ծառուկյանը պատասխանել էր, որ իր համար անփոխարինելի մարդ չկա:
Շարմազանովը, սակայն, կարծում է, որ անփոխարինելի գործիչներ, այնուամենայնիվ, կան. «Դա նշանակում է, որ եթե այդ գործիչը չլիներ, մարդկությունը շատ բան կկորցներ: Պատկերացրեք՝ Խորհրդարանն առանց Վահան Հովհաննիսյանի կամ ֆուտբոլն առանց Հենրիխ Մխիթարյանի»:
Ինչ վերաբերում է Ծառուկյանի այն հայտարարությանը, որ պատգամավորների մեծամասնությունն անգործության է մատնված, Շարմազանովը խուսափեց գնահատականներ տալուց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ