Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալբերտի բուժման հարցը պետք չէ քաղաքականացնել». Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ

Հունվար 16,2018 16:10

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցները կոչ են անում ապրիլյան քառօրյայի ընթացքում վիրավորված Ալբերտ Դալլաքյանի բուժման հարցը չքաղաքականացնել:

«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ նախագահ Մանուել Մանուկյանը հայտնեց, թե ծանոթ է Ալբերտ Դալլաքյանի ընտանիքին, գիտի, որ նրա մայրը հանդիպել է Վիգեն Սարգսյանին, իսկ նա տեր է կանգնել իր խոստմանը: Մանուել Մանուկյանը մանրամասնեց. «Վիգեն Սարգսյանն անձամբ ընդունել է Ալբերտի մայրիկին, տեղեկացրել, որ ՊՆ-ն կոնկրետ ծրագրով չի կարող ֆինանսավորել Ալբերտի բուժումը, բայց առաջարկել է օգնել: Նա նշել է, որ կարող են կայք բացել, որ տեղեկատվությունն այդ կայքով տարածվի, նաև խոստացել է կոչ անել իր ընկերներին օգնել Ալբերտին: Ալբերտի մայրիկը սկզբում հուսահատված էր, բայց հետո Վիգեն Սարգսյանն իր խոսքի տերը եղավ: Պետք չէ այս հարցը քաղաքականացնել: Կարող ենք ասել, որ Վիգեն Սարգսյանը՝ որպես մարդ օգնել է Ալբերտին»:

Մանուել Մանուկյանը հորդորեց մի կողմ թողնել բոլոր խոսակցությունները և շնորհակալություն հայտնեց Ալբերտին օգնելու համար. « Ալբերտն իմ զինակից ընկերն է եղել: Նրա վիրահատության համար անհրաժեշտ է 49.000 դոլար, այժմ հավաքվել է 30.000 դոլար: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, բոլոր պաշտոնյաներին, տարբեր կառույցների հետ ով ինչ հարց ունի, ոնց կուզի, թող պատասխանի, բայց դա թող չանի Ալբերտի միջոցով: Սա բարի նպատակ է՝ Ալբերտի՝ արտերկրում վիրահատության հարցը կազմակերպելը»:

Ապրիլյան պատերազմի մասնակիցները հայտարարեցին, որ իրենք բոլորն էլ ունեն առողջական խնդիրներ, բայց այս պահին առաջնային Ալբերտի վիրահատությունն է: Ապրիլյան պատերազմի մասնակից, առաջին կարգի հաշմանդամ Հայկ Թորոսյանը տեղեկացրեց, որ իրեն գլխի վիրահատություն է անհրաժեշտ. «Եթե Ալբերտի հետ համեմատենք, իմ խնդիրներն այդքան մեծ չեն: Ես գանգուղեղի վիրահատություն դեռ պետք է տանեմ՝պլաստիկա, եթե բարդություններ չառաջանան»:

Ապրիլյան պատերազմի մեկ այլ մասնակից Դանիել Դավթյանն էլ աջակողմյան գանգուղեղային վնասվածք ունի: Նա տեղեկացրեց, որ ամռանը գանգուղեղի աջ կիսագնդի պրոթեզավորում են կատարել, բայց դեռ մարմնի բոլոր հատվածներում ունի բազմաբեկորային վնասվածքներ, ինչի համար ամռանը նորից պետք է վիրահատություն տանի. «Հուսամ՝ ամեն ինչ բարեհաջող կնթանա, և չեմ ընկնի մարդկանց դռներն ու խնդրեմ, թե ինձ օգնեք, որ վիրահատություն կատարեմ»:

Մանուել Մանուկյանի կարծիքով՝ այս խնդիրները կլուծվեն, երբ կառուցվի զինհաշմանդամների համար նոր վերականգնողական կենտրոն, որտեղ շատ վիրավոր տղաներ կկարողանան իրենց բուժումը ստանալ: Կենտրոնը կունենա ժամանակակից սարքավորումներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031