«Իրենց գործն է՝ ում կսատարեն: Ում ուզում են, թող նրան էլ սատարեն: Մենք ունենք մեր թեկնածուին՝ Արտակ Զեյնալյանին, եւ մեզ դեռ 26 ստորագրություն է պետք: Եթե «Ծառուկյան» դաշինքը ցանկանա միանալ, դեռ ժամանակ կա, որպեսզի այլընտրանքային նախագահի թեկնածու ունենանք: Եթե դա տեղի չունենա, առաջին փուլով նախագահի ընտրությունը կավարտվի»,-Խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությանը, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք՝ հարցին, թե՝ «հնարավո՞ր է ապրիլին դաշինքը սատարի ՀՀԿ-ի նախագահի թեկնածուին», Ծառուկյանը պատասխանել էր. «Ամեն ինչ էլ հնարավոր է»:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ եթե Ծառուկյան դաշինքը «Ելք»-ին ներկայացներ նախագահի իր թեկնածուին, գուցե միասնական քննարկման արդյունքում հայտարարի գային. «Բայց նման առաջարկ չի եղել: Իրենք ասել են, որ թեկնածու չեն առաջադրելու, մեր թեկնածուին էլ չեն աջակցելու»:
Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ի այն պնդմանը, թե նախագահի թեկնածուն կարող է լինել նաեւ Սփյուռքի հայտնի գործիչ: Նա անուններ չնշեց. «Քանի դեռ ՀՀԿ-ն իր թեկնածուին չի ներկայացրել, «Ելք»-ում այդ ուղղությամբ քննարկումներ չեն ծավալվելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ