«Բնական է, որ եթե վարորդները բողոքում են, գծատերերն էլ են բողոքում»,-ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ այսօր հանրային տրանսպորտի որոշ վարորդներ սեղմված գազի գնի թանկացման պատճառով բողոքի ակցիա են կազմակերպում եւ հրաժարվում վարելուց, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա շեշտեց՝ թանկացումները բոլորի գրպանին են հարվածելու, ուստի կոչ արեց անկախ քաղաքական հայացքներից՝ ուրբաթ մասնակցել «Ելք»-ի՝ ընդդեմ թանկացումների կազմակերպելիք երթին:
«Միասին է պետք պայքարել, ոչ թե վարորդները՝ առանձին, քաղաքացիները՝ առանձին: Միայն այդ դեպքում իշխանությունները կգնան զիջումների եւ Հարկային օրենսգիրքը կփոխվի: Մեր տվյալներով՝ հանրային տրանսպորտը սպասարկող ընկերությունները լուրջ եւ բարդ խնդրի առաջ են կանգնած, քանի որ կա տրանսպորտի ուղեվարձը չթանկացնելու քաղաքական որոշում, մյուս կողմից էլ կա փոփոխված Հարկային օրենսգիրք, որը թանկացում է ենթադրում: Այսինքն, կամ ուղեվարձը պետք է թանկացնեն, ինչը եւս հանրային բողոքի է հանգեցնելու, կամ պետք է գան այս շենք եւ փոխեն Հարկային օրենսգիրքը»,-նշեց Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ եթե երթի արդյունքում իշխանությունները զիջումների չգնան, ավելի մեծ զանգվածային միջոցառումներ կլինեն, այդ թվում՝ ցույցեր:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ