Այսօր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում գերիշխող ապրանքային շուկաներում կատարված ուսումնասիրությունների ամփոփ պատկերը՝ ընդգծելով, որ մի շարք սոցիալական առաջնային նշանակության ապրանքատեսակների մասով արձանագրվել է գնի բարձրացում, որոշների մասով էլ՝ նվազում:
Մասնավորապես, անդրադառնալով կարագի թանկացմանը, ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ կարագի հիմնական մասը ներմուծվում է Նոր-Զելանդական Fonterra ընկերությունից, այդ իսկ պատճառով Հանձնաժողովը դիտարկում է հենց այդ ընկերության վաճառքի գների փոփոխությունները. «Միջազգային վաճառքի գների դիտարկումները ցույց են տալիս, որ նոր-զելանդական կարագի գները սկսել են բարձրանալ 2016 թվականի մայիսից, որի ազդեցությունը ՀՀ կարագի շուկայում արձանագրվել է 4 ամիս անց՝ սեպտեմբերից: Fonterra ընկերության կարագի վաճառքի ամենաբարձր գինը 2016-2017 թթ ընթացքում հաստատվել է 2017-ի հուլիսին՝ 1 տոննան շուրջ 6000 ԱՄՆ դոլար, որի ազդեցությունը ՀՀ կարագի մանրածախ շուկայում արձանագրվել է 2017 թվականի նոյեմբերին՝ 1կգ շուրջ 4520 դրամ»: ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ սկսած նախորդ տարվա նոյեմբերից, կարագի մանրածախ վաճառքի գները կայունացել են՝ անգամ արձանագրվել է փոքր գնային նվազեցում. « Ակնկալում ենք, որ միջազգային շուկայում կարագի գների նվազումը, հաշվի առնելով նաև ժամանակային լագը, առաջիկա 2-3 ամիսների ընթացքում կանդրադառնա նաև տեղական շուկայի վրա»:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողով