Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղատներ մտնելիս ստուգելու են այցելուների անձնագրերը, մինչեւ 21 տարեկաններին խաղալ թողնելը պատժվելու է 2 մլն դրամով (Տեսանյութ)

Հունվար 16,2018 13:43

«Ելքի» պատգամավորները ԱԺ-ի քննարկմանն են ներկայացրել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծ:

Էդմոն Մարուքյանն ասաց, թե իրենք առաջարկում են, որ խաղատներ մտնել ցանկացող անձանց անձնագրերը, անձը հաստատող փաստաթղթերը, որոնք պարունակում են տարիքի մասին տվյալներ՝ ստուգվեն: Երկրորդ առաջարկն այն է, որ մոլեխաղերով հրապուրվողների համար, որոնք իրենց ընտանիքը նյութական ծանր վիճակի մեջ են դրել կամ սահմանափակ գործունակ են, նրանց մուտքը խաղասրահ օրենքով սահմանափակվի:

Մարուքյանն ասաց, որ գործող օրենսդրությամբ մինչեւ 21 տարեկան անձինք իրավունք չունեն մուտք գործել խաղասրահի տարածք եւ խաղադրույքներ կատարել, մասնակցել խաղերին, սակայն որեւէ ընթացակարգ չկա, որ խաղերը կազմակերպող սուբյեկտը հսկի եւ պատասխանատվություն կրի: Այժմ իրենք ուզում են, որ մուտքի մոտ նրանք անպայման ստուգեն փաստաթղթերը. «Եթե դատարանի կողմից անձը սահմանափակ գործունակ է ճանաչվել, լիազոր մարմինը, այսինքն՝ ֆիննախը տվյալները պետք է հավաքի եւ այդ անձանց մուտքը խաղատներ արգելվի»:

Մարուքյանն ասաց, որ հետագայում այլ փոփոխություն էլ են մտցնելու օրենքում. «Անձը, որն ունի թուլություն գնալ եւ խաղատներում գումարներ տարվել, կարող է ալկոհոլի ազդեցության տակ լինի, ժամանակ անցկացնելու համար լինի, հետագայում գիտակցի, որ իր ընտանիքին նյութական ծայր վիճակի մեջ է գցել, գնա եւ լիազոր մարմնին հայտարարություն տա, որ ես ինքս ինձ արգելում եմ մուտք գործել ՀՀ-ում գործող ցանկացած խաղատուն եւ այն բազան, որը առաջարկում ենք վարվի, երբ ինքը մի օր էլ ալկոհոլի ազդեցության տակ գնա, մտնի խաղատուն, նրան այլեւս թույլ չտան, որ խաղադրույք կատարի եւ տարվի»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հարցրեց. «Անկեղծ ասած, ինձ համար այդ ինքնաարգելքի ինստիտուտը անհասկանալի է, ինչպե՞ս եք պատկերացնում որպես գործարք դրա վերանայման հարցը, անվավերությունը»: Մարուքյանը պատասխանեց, որ նախնական տարբերակում գրել էին, որ եթե անձը ինքնաարգելման հայտարարություն է տվել, դա կարող է հանել նոր հայտարարությամբ, բայց ոչ շուտ, քան 6 ամիս հետո:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԱՀԿ-ն կախվածությունը խաղատներից համարել է հիվանդություն՝ ճիշտ այնպիսի, ինչպիսիք են ալկոհոլիզմը, թմրամոլությունը: Նա հիշեցրեց, որ ընդամենը մեկ ամիս առաջ 27 տարեկան մի տղա, որը տանուլ էր տվել, ինքնասպան եղավ, որովհետեւ չէր կարողանում այդ կախվածությունը խաղատներից հաղթահարել: Նա հարցրեց՝ ինչո՞ւ է կառավարությունը դեմ ինքնաարգելման ինստիտուտին, եթե անձը գիտակցում է, որ հիվանդ է, թող ինքն իրեն արգելի մտնել: Մարուքյանը պատասխանեց, որ պատճառաբանությունը իրավական է, պնդում են, որ Քաղաքացիական օրենսգիրքը թույլ չի տալիս, որ անձը ինքն իրեն սահմանափակ գործունակ ճանաչի:

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ հարցրեց՝ խաղատան շահերից չի բխում օրենքը պահպանելը, հնարավո՞ր է, որ անձնագրերը չստուգեն, խախտեն՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ ԱԺ-ն կարող է հետեւել իր կողմից ընդունած օրենքի կիրարկման ընթացքին: Եթե խաղի կազմակերպիչը խախտի՝ պատասխանատվություն է լինելու: Ամեն խախտման համար 500 հազար դրամ կարող է տուգանվել, եղել է առաջարկություն նույնիսկ ավելացնել այդ տուգանքի չափը:

ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հարցրեց՝ համաձա՞յն եք, որ առաջին խախտման համար ոչ թե 500 հազար դրամով տուգանեն, այլ՝ 2 մլն դրամով, երկրորդ խախտման համար՝ 5 մլն, երրորդ խախտման համար՝ 10 մլն դրամով, չորրորդ անգամ արդեն զրկել լիցենզիայից 1 տարով: Մարուքյանը պատասխանեց, որ կողմ են խստացմանը, որովհետեւ իսկապես խաղերի կազմակերպիչը 500 հազար դրամ տուգանքից չի մտահոգվի, որ խախտումներ չանի: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում այս առաջարկները կվերանայվեն:

ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը առաջարկեց, որ սահմանվի, թե ինչ է նշանակում խաղամոլություն եւ այդ կատեգորիայի մարդկանց արգելվի մտնել խաղատուն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031