ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին: Հիշեցնենք՝ Փաշինյանը «Ծառուկյան» դաշինքին մեղադրեց նրանում, որ իրենց նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանին չսատարելով եւ իրենց իսկ կողմից թեկնածու չառաջադրելով՝ կանաչ լույս են վառում ՀՀԿ-ի նախագահի թեկնածուի համար:
«Եթե ժողովուրդը լիարժեք ՀՀԿ-ին է հնարավորություն տվել թեկնածու ներկայացնել՝ առանց մեզ եւ «Ելք»-ի, էլ ինչի՞ մասին է խոսքը»,-այսպես պարզաբանեց Գագիկ Ծառուկյանը: Թե ինչու «Ծառուկյան» դաշինքը չի առաջադրելու նախագահի իր թեկնածուին, Ծառուկյանի խոսքով. «Եթե մենք եւ «Ելքը» իրար հետ վերցրած՝ չի կազմում հաղթելու ցուցանիշը, ինչի՞ մասնակցենք»:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքը: «Դուք ինքներդ զգացեք՝ անցած տարի՞ էիք լավ ապրում, թե՝ այս տարի: Կարող եք դուրս գալ փողոց ու յուրաքանչյուրին հարցնել. եթե դրական պատասխան լսես, ուրեմն դա է պատասխանը»,-նկատեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ