Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույս կա, որ փոքր ու միջին սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի». քննարկում՝ ԱԺ-ում

Հունվար 16,2018 12:47

Այսօր ԱԺ նիստում արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց Քննչական կոմիտեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ:

Քննիչների թեկնածուների ցուցակում այսօր գործող «Քննչական կոմիտեի մասին» օրենքով կարող են առանց քննություն հանձնելու եւ համապատասխան ուսուցում անցնելու ընդգրկվել դատավորի, դատախազի, փաստաբանի՝ 3 տարվա մասնագիտական ստաժ ունեցող անձինք: Առաջարկվում է, որ նաեւ հետաքննության աշխատակցի եւ հետաքննության պետի դեպքում նույնպես որակավորման քննություն չհանձնեն եւ ուսուցում չանցնեն: Նրանց ստաժը եւս բավարար է, որ ուսուցում չանցնեն եւ ավտոմատ ընդգրկվեն քննիչների եւ հետաքննիչների ցուցակում:

Էներգետիկ ենթակառույցների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն էլ ներկայացրեց «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը: Կառավարությունն առաջարկում է Հայաստանի էլեկտրաէներգետիկայի մոդելը փոխել, էլեկտրաէներգետիկայի շուկան որոշակիորեն ազատականացնել: Ներկայումս այդ շուկան հենվում է էլեկտրաէներգիայի սպառման եւ արտադրման տարեկան ծավալների կանխատեսման վրա եւ շուկայի մասնակիցների համար չի սահմանում պատասխանատվություն՝ այդ ծավալներից շեղվելու դեպքում: Դրա արդյունքում, երբ կանխատեսումը չի իրականանում, ռիսկերը սպառողների ուսերին են ծանրանում՝ սակագին են բարձրացնում:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հարցրեց՝ սպառողին հետաքրքրում է մի բան՝ սակագնային քաղաքականությունը ինչպիսի՞ն է լինելու այս փոփոխություններից հետո, մենք սակագնի իջեցում կարո՞ղ ենք ակնկալել, թե՞ դրա մասին խոսք չկա: Հայկ Հարությունյանը պատասխանեց, որ նախ, եթե ամբողջովին ազատականացնեն շուկան, ռիսկերը մեծ կլինեն, մենք կունենանք երաշխավորված եւ հաշվեկշռային շուկա, որտեղ փոքր ու միջին սպառողները շարունակելու են օգտվել երաշխավորված մատակարարումից: Երաշխավորված մատակարարումը երբ ֆիքսվի, դրա ավելցուկը նոր կարող են արտադրողները վաճառել մեծածախ շուկայում. «Բոլոր սակագները, պայմանագրերի ձեւերը հաստատվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից»:

Ինչ վերաբերում է սակագնին՝ փոխնախարարն ասաց. «Համակարգն ավելի արդյունավետ ենք դարձնում եւ հույս կա, որ փոքր ու միջին սպառողի համար սակագինը կնվազի»:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հարցրեց. շուկայի ազատականացումը ի՞նչ ազդեցություն կունենա սակագնի, տնտեսության վրա առհասարակ: Փոխնախարարը պատասխանեց, որ այս տարվա առաջին երկու շաբաթում 10 տոկոսով նվազել է սպառումը անցյալ տարվա համեմատ, բայց արտադրումն աճել է 20 տոկոսով, քանի որ արտահանումն է աճել՝ 100 տոկոսով. «Վրաստանը մեզ հետ համաքայլ շարժվում է, իրենք որոշ դրույթներ արդեն երկու-երեք տարի է շուկա են ներկայացրել, Վրաստանի միջոցով մենք այլ շուկաներ ենք կարողանալու դուրս գալ»:

Իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն իր ելույթում ասաց, որ ներդրումային դաշտը կարող է կարգավորվել այս նախագծի արդյունքում, նախագիծը նաեւ կտանի սակագների նվազման. «Ես համոզված եմ, որ այն առավելությունները, որ նախագիծը կտա մատակարարներին, կբարձրացնի արդյունավետությունը, եւ մենք լուրջ հնարավորություններ կունենանք էլեկտրաէներգիայի ավելցուկն արտահանել այլ երկրներ, եւ կլինեն խոշոր եկամուտներ՝ մեր երկրի համար»:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարցրեց՝ կարո՞ղ է հանկարծ այնպես լինի, որ մենք ներդրումներ անենք էներգետիկա արտադրող կայանների մեջ, հետո իրացման պրոբլեմ ունենանք, հետո ասեք՝ քո ռիսկն է, արտադրել ես՝ իրացրու: Հայկ Հարությունյանը պատասխանեց, որ վստահ են՝ հարեւան երկրներում ունեն վաճառքի շուկա. «Մենք գիտակցում ենք, որ դա անսահմանափակ չէ, հետեւաբար օրենքով որոշ լիազորություններ ենք նախատեսում կառավարությանը, որ կարգավորի շուկա մուտք գործող հզորությունների քանակը, որ խնդիր հետագայում չունենանք: Վրաստանում ամռանն ունեն մեծ ավելցուկ՝ կախված շուկայի կառուցվածքի, բայց ձմռանն ունեն պակասուրդ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031