ԱԺ-ում այսօր լրագրողները «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ ապրիլին, երբ ՀՀ-ն անցնի խորհրդարանական կառավարման ռեժիմին, նա սատարի ՀՀԿ-ի ներկայացրած նախագահի թեկնածուին: Գագիկ Ծառուկյանը հստակ պատասխան չտվեց՝ ասելով. «Ամեն ինչ հնարավոր է, միայն թե այսօր մենք չգիտենք՝ ո՞վ է թեկնածուն»:
-Կընտրե՞ք Սերժ Սարգսյանին որպես վարչապետի թեկնածու:
-Երբ որ ՀՀԿ-ն իր համապատասխան թեկնածուին կառաջարկի, մենք մեր խմբակցությունում կքննարկենք ու տեսակետը կասենք:
-ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմե՞ք:
-Նման հարց մենք չենք քննարկել:
-Սերժ Սարգսյանը ձեզ համար անփոխարինելի՞ մարդ է:
-Ինձ համար անփոխարինելի մարդ գոյություն չունի, նման հարցերը տվեք ՀՀԿ-ին: Ժողովուրդն ընտրությունների ժամանակ 55 տոկոս ձայն տվեց ՀՀԿ-ին,-եզրափակեց Գագիկ Ծառուկյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ