Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական աճի ազդեցությունը եկամուտների վրա միանշանակ չէ. «Հայոց Աշխարհ»

Հունվար 16,2018 11:57

Տարեսկզբին մի շարք ապրանքային շուկաներում ձեւավորված գնաճային ճնշումը բացասական ազդեցություն կունենա հասարակության սոցիալական վիճակի վրա։ Մանավանդ բնակչության մեծ մասի եկամուտները ցածր են, այլեւ չափազանց դանդաղ են ավելանում։ Խոսքը առաջին հերթին ներքին եկամուտների մասին է։
Չնայած անցած տարվա արդյունքներով ակնկալվող բավական բարձր տնտեսական աճին, այնուհանդերձ դրա ազդեցությունը հասարակության եկամուտների վրա թույլ է արտահայտվում, որի վկայություններից է միջին աշխատավարձի աճի դինամիկան։ Անցած տարի այն ավելացավ ընդամենը 2,6 տոկոսով։

Միջին աշխատավարձի աճը համընկնում է տասներկուամսյա գնաճի ցուցանիշին։ Սակայն գնաճն անհամեմատ բարձր է պարենային ապրանքների դեպքում, ինչը մեծ ազդեցություն ունի սոցիալական վիճակի վրա։ Պարենային ապրանքների գնաճը անցած տարի հասավ 5,3 տոկոսի։

Այնուհանդերձ այնպես չէ, որ տնտեսական աճը որեւէ կերպ չի արտահայտվում հասարակության վրա։ Բնականաբար չեն կարող եկամուտներն ավելանալ տնտեսության այն ճյուղերում, որտեղ ոչ միայն աճ չկա, այլեւ անկում է գրանցվում։ Պատահական չէ, որ անցած տարվա գործունեության արդյունքներով աշխատավարձի աճ է տեղի ունեցել հիմնականում այն ոլորտներում, որտեղ զարգացումները դրական են եղել։
Որպես այդպիսին, պետք է առանձնացնել առաջին հերթին հանքարդյունաբերությունը։

Կապված միջազգային շուկայի գնաճային դրսեւորումների հետ՝ 2017թ. բարեհաջող էր տնտեսության այդ ճյուղի համար։ Տարին չի ամփոփվել, բայց ոլորտի արտադրության ծավալների ավելացումը գնահատվում է 13 տոկոսի շրջանակներում։ Դա ուղղակիորեն արտահայտվել է նաեւ ճյուղի աշխատավարձերի աճի վրա։
Հանքագործական արդյունաբերության եւ բաց հանքերի շահագործման ոլորտում միջին աշխատավարձն անցած տարվա ընթացքում ավելացել է 13,3 տոկոսով. նախորդ տարվա շուրջ 350 հազարից հասել է 396,5 հազար դրամի։ Այլ կերպ ասած՝ միջին աշխատավարձը տնտեսության այդ ճյուղում ավելացել է 46,5 հազար դրամով, ինչը չէր կարող չարտահայտվել զբաղվածների եկամուտների վրա։

Աճի ավելի բարձր ցուցանիշներ են արձանագրվել կապի եւ տեղեկատական տեխնոլոգիաների ոլորտում։ Անցած տարվա արդյունքներով տնտեսության այս ճյուղում աշխատավարձի ավելացումը գերազանցել է ընդհուպ 15 տոկոսը։
Հաշվի առնելով ոլորտի վարձատրության մակարդակը՝ այն մեծ գումար է կազմում։ Եթե 2016թ. կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջին աշխատավարձը հասնում էր 374 հազար դրամի, ապա անցած տարվա գործունեության արդյունքներով անցնում է 433 հազարից։ Ավելացումը գերազանցում է 59 հազար դրամը։

Աշխատավարձի աճը միջինից բարձր է նաեւ շինարարության, անշարժ գույքի, վարչարարական որոշ գործառույթների հետ կապված գործունեության, ինչպես նաեւ առողջապահության եւ բնակչության սոցիալական սպասարկման ոլորտներում։ Թեեւ հաշվի առնելով եղած ցածր բազան՝ դրանցում միջին աշխատավարձի գումարային աճի տարբերությունն այնքան էլ էական չէ։ Այն սահմանափակվում է հիմնականում մի քանի հազար դրամով։

Որքան էլ տարօրինակ է, այնուհանդերձ քաղաքացիների եկամուտների նվազում է գրանցվել ֆինանսական եւ ապահովագրության ոլորտներում։ Այնպիսի տպավորություն է, որ տարիներ շարունակ բարձր աշխատավարձերի մակարդակով առանձնացող այս հատվածը կորցրել է իր երբեմնի փառքը։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031