Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում նոր բողոք է հասունանում՝ այս անգամ մեքենաների՝ պարտադիր ապահովագրությունից օգտվող սեփականատերերի կողմից. «Հայոց աշխարհ»

Հունվար 16,2018 11:49

Մայրաքաղաքում նոր բողոք է հասունանում՝ այս անգամ մեքենաների՝ պարտադիր ապահովագրությունից օգտվող սեփականատերերի կողմից։ Վերջիններս իրենց նկատմամբ անարդար մոտեցում են բնութագրում ԱՊՊԱ համակարգում ներդրված բոնուսային-մալուսային դասի սկզբունքը:

Բոնուս-մալուսն ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի եւ հավելավճարների համակարգ է, համաձայն որի` ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է վարորդի ապահովագրական պատմության հիման վրա՝ արդյոք նա տվյալ տարվա ընթացքում ավտոճանապարհային պատահարների մասնակից ու դրա մեղավոր եղե՞լ է, թե՞ ոչ:

Կախված այդ պատմությունից՝ վարորդը ստանում է բոնուսային կամ մալուսային դաս՝ հայտնվելով համապատասխան ռիսկային խմբում: Իսկ յուրաքանչյուր բոնուս-մալուս դասին համապատասխանում է որոշակի գործակից, որը բերում է ապահովագրավճարի փոփոխության՝ ավելացման կամ նվազեցման: Հիշեցնենք, որ այդ համակարգն ԱՊՊԱ ոլորտում ներդրվել է 2013թ. հունվարի 1-ից:

Ըստ բողոքող վարորդների՝ մալուսի եւ բոնուսի չափն անհավասարաչափ է բաշխված եւ միտված է միմիայն ապահովագրական ընկերությունների կողմից հնարավորինս շատ եկամուտ ստանալուն: Իսկ վարորդների իրավունքների առումով համակարգը թերի է, այն իսկական թալանի մեխանիզմ է ԱՊՊԱ ընկերությունների ձեռքում:

«Ապահովագրական պատմության ընթացքում թեկուզ մեկ ավտոճանապարհային պատահարի պատճառ դառնալու դեպքում վարորդը ստիպված է 16 տոկոսով ավելի ապահովագրման գումար վճարել: Իսկ եթե պատահարների թիվը հասնում է 3-ի, ապա ապահովագրման գումարի տոկոսը կտրուկ եւ անհավասարաչափ բարձրանում է՝ դառնալով մինչեւ 150 տոկոս՝ անկախ պատահարի ծանրությունից եւ երրորդ անձին հասցված վնասից: Ամեն պատահարից հետո այդ տոկոսն ավելանում է՝ ընդհուպ մինչեւ 250 տոկոս:

Սա անբարեխիղճ վարորդին պատժելու եւ ընկերությանը նրա պատճառած վնասերը հատուցելու հնարավորություն է: Մինչդեռ հակառակը՝ բարեխիղճ վարորդներին առանց պատահարների վարելու համար ընդամենը տարեկան 3 տոկոս զեղչի ձեւով խրախուսանք է տրամադրվում: Որքանո՞վ է այս մոտեցումն արդար»,- ասում է ՍՈՒՐԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, որն, իր իսկ հավաստիացմամբ, 2013 թվականից հետո միայն մեկ անգամ է ապահովագրական սեւ պատմություն ունեցել:

Այդ ժամանակ ամբողջ տարվա ընթացքում նա պարտադրված էր 16 տոկոսով ավելի ապահովագրման գումար վճարել: Մինչդեռ մնացած տարիներին, երբ վարել է առանց արտակարգ դեպքերի, օգտվել է ընդամենը 3 տոկոս բոնուսի դասից: Ընդ որում՝ եթե մալուսային համակարգի դեպքում դասերը մեկ պատահարից կտրուկ են աճում, ապա բոնուսային համակարգի դեպքում առանց պատահարի տարվա համար տոկոսները շատ քիչ են նվազում:

Թագուհի Ասլանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031