Հունվարի 13-ին հայկական ԶԼՄ-ները, հղում անելով livejournal-ում «diana_mihailova» հեղինակի բլոգին, հայտնեցին, որ Ադրբեջանը 50 միավոր հակատանկային հրթիռ է գնել Ուկրաինայից։
Համաձայն հրապարակված լուրերի՝ նախորդ տարվա ապրիլին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերության միջոցով Կիևի «Լուչ» կոնստրուկտորական պետական բյուրոյից 25 միավոր РК-2С և 25 միավոր РК-2ОФ հակատանկային հրթիռներ է գնել։ Բաքվին սպառազինություն վաճառելու համար Կիևը քննադատության է արժանացել պաշտոնական Ստեփանակերտի կողմից։
Մոսկվային կարելի է, Կիևին՝ ոչ
Մեկնաբանելով Ադրբեջանին ուկրաինական սպառազինության վաճառքի գործարքը՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն Ուկրաինային մեղադրել է ահաբեկչությանը սատարելու մեջ։
«Բայց մի բան իր [խմբ․ Դավիթ Բաբայանի] համար հստակ է` Ուկրաինայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը նշանակում է սատարել ահաբեկչությանը», – գրում է «Առավոտը»` անուղղակի մեջբերելով արցախցի պաշտոնյայի խոսքը։
Մյուս կողմից, երբ 2017-ի հուլիսին Ռուսաստանից Բաքու ժամանեց սպառազինության հերթական խմբաքանակը, Բաբայանը Մոսկվայի գործողություններն ահաբեկչության սատարում չորակեց։ Ավելին, նախագահի մամուլի քարտուղարը «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանության մեջ փորձել էր արդարացնել Ռուսաստանի նման քայլը։ Պաշտոնյան հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը չմատակարարի զենքը, «այլ պետություն է մատակարարելու»։
«Այս գործարքը մենք չենք դիտարկում որպես հայության դեմ ուղղված գործարք։ Սա պարզապես բիզնես է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, որը կրկնում եմ, մենք կարծում ենք, որ ճիշտ չէ և Ադրբեջանն այն պետությունը չէ, որին պետք է մատակարարվի նման զենք, բայց դա արդեն Ռուսաստանի ներքին գործն է․․․», – ասել էր Բաբայանը։
Այսինքն, Ստեփանակերտը երկակի չափանիշներ է կիրառում միևնույն հարցի վերաբերյալ՝ արդարացնելով Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենքի մատակարարումը և որևէ այլ երկրի նույն քաղաքականությունն անվանելով «ահաբեկչության սատարում»։ Մինչդեռ այս տրամաբանությամբ, կարծում ենք Կիևի որոշումը ևս պետք էր դիտարկել որպես երկրի «ներքին գործ»։ Հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ ի տարբերություն Ռուսաստանի Ուկրաինան Հայաստանի հետ ռազմավարական նույն դաշինքում չէ և ընդհանուր անվտանգության որևէ պարտավորություն չունի Հայաստանի նկատմամբ։
«Անհասկանալի տրամաբանությո՞ւն»
Բաբայանը հայտարարել է նաև, որ Կիևի գործողությունների մեջ «անհասկանալի փիլիսոփայություն և տրամաբանություն կա» և Ուկրաինան քայլեր է անում, որոնք ի օգուտ Ադրբեջանի են։
Հարկ է հիշեցնել, որ 2014 թվականից սկսած, երբ Ռուսաստանը բռնակցեց Ուկրաինայի մաս հանդիսացող Ղրիմի թերակղզին Հայաստանը մշտապես դեմ է քվեարկել Ռուսաստանի անօրինական գործողությունները դատապարտող օրինագծերին՝ փաստացի աջակցելով Ղրիմի բռնակցումը։ Միջազգային հարթակում ՌԴ-ին աջակցող նման երկրների թիվը երկու տասնյակ է։ Հայաստանը նման քվեարկություններին հիմնականում հայտնվում է այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Բելառուսը, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան և Հյուսիսային Կորեան։
Մեղադրանքի հիմքն ու հիմնական հասցեատերը
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Բաբայանը Կիևին մեղադրել է ահաբեկչությանը սատարելու մեջ, հիմք ընդունելով livejournal-ում հրապարակված մի գրառում։ Թեև «Ուկրսպեցէքսպորտը» տարիներ առաջ՝ 2011 թվականին, իր կայքէջում հրապարակել է Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարի հայտարարությունը «Լուչ»-ի հետ համատեղ հակահրթիռային արդյունաբերության վերաբերյալ բանակցությունների մասին, սակայն այժմ որևէ այլ վստահելի աղբյուր Ուկրաինայից Ադրբեջան զենքի մատակարարման մասին տեղեկատվությունը չի հրապարակել։
Այնուամենայնիվ, առաջնորդվելով Արցախի նախագահի մամուլի քարտուղարի տրամաբանությամբ, կարելի է ասել, որ փաստացի Ադրբեջանին զենք մատակարարելով Ռուսաստանը 85 տոկոսով «ահաբեկչություն սատարող» երկիր է։ Համաձայն Միջազգային խաղաղության Ստոկհոլմյան ինստիտուտի տվյալների՝ 2010-2014թթ. ընթացքում Ադրբեջանի գնած հարձակողական զինամթերքի ռուսական բաժինը կազմել է հենց 85 տոկոս:
Արեն Մելիքյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Ռուսաստանը բռնակցեց Ուկրաինայի մաս հանդիսացող Ղրիմի թերակղզին․․․
այս նույն տրամաբանությամբ եթե դատենք արցախյան շարժման մասին, ապա ոչ մի լավ բանի չենք հասնի մեր եզրահանգումներում, այնպես չէ՞․ կա վտանգ, որ կստացվեն երկակի չափանիշներ։