Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատն առաջարկում է փաստաբանների և դատախազների նկատմամբ տուգանք կիրառելու մասին կանոնը հանել

Հունվար 16,2018 11:37

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի  դատական տուգանքի վերաբերյալ

1.ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿԸ

ՀՀ դատական օրենսգրքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվել է մինչև 100000 ՀՀ դրամ տուգանք կիրառել փաստաբանի նկատմամբ:

Չնայած նրան, որ Նախագծի հիմնավորման մեջ որևէ փաստարկ ներկայացված չէ, թե ինչու է որոշվել փաստաբանի կամ դատախազի նկատմամբ տուգանք կիրառելու հնարավորություն տալ դատավորին, սակայն կարծում ենք, որ այս մոտեցմամբ նպատակ է դրված կանխել ոչ բարեխիղճ վարքագիծ դրսևորող փաստաբանի կամ դատախազի ազդեցությունը քրեական գործերով դատական գործընթացի նկատմամբ:

2.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

1.Լիտվայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Հունգարիայում, Իսլանդիայում, Իտալիայում, Լատվիայում, Նորվեգիայում, Իսպանիայում և Ռուսաստանում (10 երկիր) դատարանները փաստաբանի նկատմամբ տուգանք կիրառելու իրավասություն չունեն:

2.Լեհաստանում, Գերմանիայում, Նիդերլանդներում և Բելգիայում (4 երկիր) փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթների իրականացման և տուգանքների նշանակման իրավասություն ունի հատուկ մասնագիտացված դատական մարմինը՝ Կարգապահական դատարանը: Վերջինս չի հանդիսանում այն մարմինը, որի նկատմամբ փաստաբանը ենթադրաբար դրսևորել է անհարգալից վերաբերմունք, այլ, փոխարենը, այն քննում է այլ դատարաններից ստացված դիմում-բողոքները: Այդպիսով ապահովվում է Կարգապահական դատարանի անաչառությունը:

3.Դատական տուգանք կիրառելու իրավասություն ունեն Էստոնիան, ԱՄՆ-ն, Կանադան և Ավստրալիան (4 երկիր), որոնցից վերջին 3 երկրները պատկանում են անգլո-սաքսոնական իրավական համակարգին, մինչդեռ, Հայաստանը մտնում է ռոմանագերմանական իրավական համակարգի մեջ: Այս երկու համակարգերը միմյանցից տարբերվում են ինչպես իրավական ինստիտուտների, այնպես էլ պետական կառույցների և իրավակիրառ պրակտիկայի սկզբունքներով ու փիլիսոփայությամբ: Հետևաբար` քննարկվող անգլոսաքսոնական պետությունների պրակտիկայի մեջբերումը Հայաստանի պարագայում տեղին չէ:

Էստոնիայում փաստաբանն ունի հանրային այլ լիազորություններ, մասնավորապես նա կարող է որոշ նոտարական գործողություններ կատարել, ինչպես նաև հանդես գալ, որպես սնանկության կառավարիչ: Հետևաբար` այս երկրի հետ համեմատելը նույնպես տեղին չէ:

ՀՀ արդարադատության նախարարության ամփոփաթերթում փաստաբանի նկատմամբ, որպես տուգանք կիրառող երկրներ նշվել են Էստոնիան, Լեհաստանը, Ռուսաստանը, Կանադան, ԱՄՆ, Ավստրալիան և Լիտվան:

Ռուսաստանի Դաշնությունում և Լիտվայում փաստաբանի նկատմամբ դատարանը չի կարող տուգանք կիրառել: Օրինակ, ՌԴ գերագույն դատարանի N 15-002-29 գործով 10.02.2003թ. որոշմամբ գերագույն դատարանը գտել է, որ փաստաբանը չի հանդիսանում կողմ և նրա նկատմամբ դատական տուգանք չի կարող կիրառվել:

Լեհաստանի, Էստոնիայի, Կանադայի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի վերաբերյալ դիրքորոշումը ներկայացվել է վերոհիշյալ II բաժնի 2-րդ և 3-րդ կետերում:

3.ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ

Նախագիծը, ղեկավարվելով փաստաբանների և դատախազների անբարեխղճության կանխավարկածով, չի նախատեսել դատավորների անբարեխղճության հնարավորությունը, որի դեպքում, տուգանքը կդառնա մասնագիտական գործունեության ազատությունը ճնշող գործիք: Նախագիծը չի նախատեսել փաստաբանների մասնագիտական չափանիշներին համապատասխան իրականացվող գործունեության ժամանակ պատժամիջոցներից զերծ մնալու երաշխիքներ: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21 հանձնարարականի 1-ին սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանները չպետք է տուժեն հետևանքներից կամ ենթարկվեն ցանկացած պատժամիջոցների կամ ճնշումների վտանգի, երբ գործում են իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան:

Բացի այդ, անբարեխիղճ վարքագիծ դրսևորող փաստաբանին տուգանքը կարող է չկանխել, եթե վերջինիս վստահորդը յուրաքանչյուր դատական գործ ձախողելու համար պատրաստ լինի վճարել նաև տուգանքի գումարը: Այս պարագայում, եթե փաստաբանի նկատմամբ դատական տուգանք կիրառվի և զուգահեռ ներկայացվի փաստաբանների պալատին՝ փաստաբանի վարքագիծը քննարկելու համար, ապա փաստաբանների պալատը չի կարողանալու նույն արարքի համար կրկնակի պատասխանատվություն կիրառել փաստաբանի նկատմամբ:

Հետևաբար` կստացվի, որ այս կանոնը չի ծառայի իր իրական նպատակին:

Բացի այդ՝

– գործող ՀՀ դատական օրենսգրքում նախատեսված է դատական սանկցիայի կիրառում դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու համար, մինչդեռ Նախագծում «օրինական» եզրույթը չի նախատեսվել, ինչի արդյունքում ստացվում է, որ դատարանի ցանկացած որոշում և կարգադրություն, այդ թվում՝ անօրինական, պարտադիր են բոլորի համար և չկատարելու դեպքում կառաջանա սանկցիայի կիրառման հիմք.

– Նախագծով չի սահմանվել երաշխիք փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու անթույլատրելիության վերաբերյալ, եթե փաստաբանը գործում է իր մասնագիտական չափանիշներին համապատասխան.

– Նախագծի համաձայն՝ դատական տուգանք կիրառելու մասին դատարանի որոշումը ուժի մեջ է մտնում կայացման պահից, իսկ բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը: Այս կարգավորումը վտանգ է պարունակում, եթե դատարանն անհիմն դատական տուգանք կիրառի: Փաստաբանի նկատմամբ անհիմն դատական տուգանք նշանակելու և ԴԱՀԿ ծառայությանը կատարման ներկայացնելու դեպքում, փաստաբանի գույքի կամ դրամական միջոցների վրա արգելանք կդրվի և հաշվին առկա գումարները փաստացի կբռնագանձվեն, իսկ վերադաս ատյանի կողմից հետագայում որոշման կատարման կասեցումը (որը վճռաբեկ ատյանի դեպքում երկարատև գործընթացի արդյունքում կարող է լինել) արդեն չի կարող վերացնել կիրառված արգելանքը կամ արդեն կատարված բռնագանձումը:

4.ԳՈՐԾՈՂ ԿԱՐԳԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դատական սանկցիայի հիման վրա հարուցվող վարույթի իրականացման կարգն ունի թերություններ, ինչն էլ, հավանաբար, ստեղծել է այս նոր կարգավորման անհրաժեշտությունը: Խնդիրը կայանում է նրանում, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը նախատեսել է հետևյալ ժամկետները՝

Ժամկետ/ամիս        Գործողություն

1      ՓՊ նախագահը հարուցում է վարույթ

2      Գործը նախապատրաստվում է քննության

6      Խորհուրդը քննում է գործը

1      Խորհրդի որոշման բողոքարկման ժամկետ

9      ԸՆԴԱՄԵՆԸ

 

Բացի այս ժամկետներից, եթե խորհրդի որոշումը բողոքարկվի, ապա խորհրդի որոշման ուժի մեջ մտնելը կասեցվում է: Հետևաբար, խորհրդի որոշումը բողոքարկվելու դեպքում առնվազն մեկ տարի կարող է այդ գործընթացը տևել դատական երեք ատյաններում:

Արդյունքում, փաստաբանի ոչ բարեխիղճ վարքագծի դեպքում կիրառված դատական սանկցիան փաստաբանի նկատմամբ ազդեցություն է ունենում մոտ 2 տարի հետո, ինչը բնականաբար այդ ինստիտուտը դարձնում է անօգուտ:

5.ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Խնդրի լուծման տարբերակներից մեկը կարող է հանդիսանալ IV բաժնում նշված գործողությունների կատարման համար սահմանված ժամկետների կրճատումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս կենսական նշանակություն ունեցող հարցի նման հրատապ ընդունումը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների, իսկ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Նախագծի վերաբերյալ այս կարճ ժամանակահատվածում արդյունավետ քննարկում դժվար է կազմակերպել,

նկատի ունենալով այն, որ Նախագծի 173-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն՝ դատական օրենսգրքի 12-րդ գլխի կանոնները փաստաբանների և դատախազների նկատմամբ կիրառվում են 2019 թվականի հունվարի 1-ից, հետևաբար ակնհայտ է դառնում այս հարցի կարգավորման հրատապ անհրաժեշտության բացակայությունը,

ի գիտություն ընդունելով այն հանգամանքը, որ դատավարական օրենսգրքերի ընդունման ժամանակ ՀՀ փաստաբանների պալատը հնարավորություն կունենա ներկայացնել իր փաստարկները՝ առավել բազմակողմանի, ինչպես նաև՝ միջազգային հեղինակավոր կառույցի դիրքորոշումը այս հարցի կապակցությամբ,

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ՝

– Նախագծից փաստաբանների և դատախազների նկատմամբ տուգանք կիրառելու մասին կանոնը հանել, այդ հարցի լուծման հնարավորությունը վերապահելով դատավարական օրենսգրքերին:

– Այդ կապակցությամբ Նախագծի 74-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ չի կիրառվում դատական նիստերի դահլիճից հեռացում և դատական տուգանք դատական սանկցիաները, եթե այլ բան նախատեսված չէ դատավարական օրենսգրքերով:»:

 

 

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031