Ժամանակին թռչնաբույծները նույնպես պայքար մղեցին թռչնամսի եւ ձվի ներկրման դեմ: Հիշեցնենք, որ ձվի ներկրման պարագայում ամռան ամիսներին ձվի գինն իջնում էր մինչեւ 25 դրամ: Այլ հարց է, թե ինչ որակի եւ ժամկետի ձու էր գալիս: Այս պայքարն էլ արդյունք տվեց: Հայաստանի սպառողը մնաց տեղացի ձու արտադրողի հույսին:
Ամանորի նախաշեմին Թռնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը եւ ձու արտադրող այլ ընկերությունների ղեկավարներ հավաստիացնում էին, թե դեկտեմբերին կավելանա ձվի արտադրությունը, եւ այն կապահովի հանրապետության ազգաբնակչության ողջ պահանջարկը, իսկ գինը չի բարձրանա 50 դրամից: Մինչդեռ դեկտեմբերյան ձվի բարձր գինը Սերգեյ Ստեփանյանն արդարացնում էր տարբեր հանգամանքներով, թե թռչնագրիպի տարածքային կարանտին էր հայտարարվել, եւ ածան հավեր չէին ներկրվել, դրա համար պահանջարկը մեծ էր առաջարկից: Դա էր պատճառը նաեւ, որ ստիպված էին որոշակի քանակությամբ ձու ներկրել: Այնուհետեւ, ըստ պարոն Ստեփանյանի, ձվի գինը բարձրացել էր՝ տուփերի գնով պայմանավորված:
Եվ այսպես, Ամանորի նախաշեմին խոստացված 50 դրամանոց ձուն սպառողը չգտավ վաճառակետերում, դրա գինը 70-80 դրամ էր, մարզերում ու գյուղական համայնքներում հասավ անգամ մինչեւ 100 դրամի: Դրանից հետո սկսեցին փոխադարձ մեղադրանքները՝ արտադրողները մեղադրեցին վաճառողներին ու առաքիչներին՝ ձուն արհեստականորեն թանկացնելու համար: Վաճառողներն էլ արդարանում էին, թե իրենք ապրանքը թանկ ստացել, թանկ էլ վաճառում են:
Բազմիցս է փաստվել, որ տեղացի արտադրողը, շուկայում մնալով միայնակ եւ ունենալով գերիշխող դիրք, տարբեր պատճառաբանություններով արդարացնելով ու հիմնավորելով՝ բարձրացրել է իր արտադրանքի գինը: Հարկ է նշել, որ նշված ապրանքատեսակները թանկ էին արդեն նախորդ տարվա ընթացքում եւ կապ չունեն ընթացիկ «համապետական» թանկացումների հետ: Ժամանակին, երբ ջերմոցային տնտեսությունները պայքարում էին ծաղկի ներկրման դեմ, քաղաքատնտեսագիտահայրենասիրական վերլուծություն էին անում, թե ապրիլի 24-ին Թուրքիայից մեխակ են ներկրում, որը տանում-դնում ենք եղեռնի զոհերի հուշարձանին: Իսկ այդ գումարը գնում է Թուրքիա եւ Ադրբեջան, որտեղ այդ փողով զենք են գնում ու կրակում հայերի վրա: Բնականաբար, այս վերլուծության մեջ կա ճշմարտություն: Բայց անհերքելի է նաեւ այն իրողությունը, որ երբ հայաստանցիները տեղացի արտադրողների հույսին են մնում, վերջիններս իրենց արտադրանքի վրա այնպիսի թվեր են կրակում, որ սպառողը գերադասում է այդ ապրանքներից հեռու ման գալ։
Նաիրա ՎԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում