Լրահոս
Օրվա լրահոսը

Փոլ Գոբլ. Հայաստանի ԱԳ նախարարը հուսահատ ձևակերպումներ է օգտագործում, իսկ ադրբեջանական կողմը չի փոխում իր ռազմատենչ հռետորաբանությունը. «168 ժամ»

Հունվար 16,2018 11:25

«168 ժամի» հետ զրույցում ամերիկացի դիվանագետ Փոլ Գոբլն ասաց, որ չնայած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պասիվությանը, ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերի հետ կշարունակի բանակցային գործընթացն առաջ մղել առաջին հերթին՝ այդ հարթակը, ապա բանակցային գործընթացը պահպանելու, կողմերի միջև դինամիկ շփումները շարունակելու նպատակով։

«Միջնորդները կարծես թե համոզված են, որ նույնիսկ առանց արդյունքների՝ այդ հանդիպումներն անհրաժեշտություն են, քանի որ նվազեցնում են պատերազմի վերսկսման հավանականությունը։ Այնուամենայնիվ, այդպես էլ կա, քանի որ, երբ բանակցային գործընթացում կանգ է նկատվում, բազմաթիվ զոհեր են լինում շփման գծում, ապրիլյան պատերազմից առաջ ևս բանակցային կոլապս էր արձանագրվում։ Միջնորդներն ապրիլյան դասը լավ են սերտել, բայց ես կասեի, որ առավել մեծ ուշադրության է արժանի այս հակամարտությունը, քանի որ անկանխատեսելի գործողությունների հավանականությունը միշտ բարձր է։ Սակայն այդ ուշադրությունը չկա ոչ Վաշինգտոնում, ոչ Մոսկվայում, քանի որ կարծես իրերի ներկայիս դրությունը ձեռնտու է Մոսկվային, իսկ Վաշինգտոնը բավարար չափով հետաքրքրված չէ հակամարտությամբ։ Ռուսաստանն իր հերթին՝ հետաքրքրված չէ առաջընթացով կարգավորման գործընթացում, լիովին տիրապետում է իրավիճակին ու վերահսկում։ Էական փոփոխություն այս տարի չեմ ակնկալում»,- ասաց Փոլ Գոբլը։

Խոսելով նախարարական հանդիպումից՝ ամերիկացի դիվանագետն ասաց, որ ամենայն հավանականությամբ այն որևէ բեկմամբ չի ավարտվի։ «Բեկման համար նախադրյալներ չկան։ Հայաստանի ԱԳ նախարարը հուսահատ ձևակերպումներ է օգտագործում, իսկ ադրբեջանական կողմը չի փոխում իր ռազմատենչ հռետորաբանությունը։ Եթե միջնորդները կարողանան մեխանիզմների ներդրման հարցում համաձայնության հասնել, դա կլինի այս տարվա ամենամեծ ձեռքբերումը, կարծում եմ՝ ավելին սպասելն անիմաստ է»,- մեկնաբանեց Փոլ Գոբլը։

Նրա պնդմամբ՝ բանակցային գործընթացում առաջընթաց չի ակնկալում նաև այն պատճառով, որ այս տարի ընտրություններ են սպասվում Ադրբեջանում հոկտեմբեր ամսին։ «Չեմ կարծում, որ ընտրություններից առաջ կամ հետո շփման գծում կարող են լինել ռազմական գործողություններ, կամ բանակցային գործընթացում առաջընթաց, քանի որ առաջընթաց նշանակում է՝ զիջումներ, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հաղթողի հեղինակություն ձևավորի, ուստի առաջընթացի մասին կարող ենք գոնե ժամանակավորապես մոռանալ»,- նման տեսակետ հայտնեց Փոլ Գոբլը։

Նրա խոսքով, Ադրբեջանում քաղաքական վերադասավորումներ ևս տեղի են ունենում, որոնք փոքր-ինչ շեղում են իշխանությունների ուշադրությունը Ղարաբաղյան հիմնահարցից:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031