Այսօր ԱԺ նիստին մասնակցում է նաեւ «Ծառուկյան » խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Իսկ նիստում քվեարկության դրվեցին երեկ քննարկված մի շարք օրինագծեր: Իրաքում եզդիների ցեղասպանության դատապարտման մասին ՀՀԿ պատգամավորների նախագծին կողմ էր 90 պատգամավոր, այն միաձայն չանցավ, մեկը ձեռնպահ էր: Մինչ քվեարկությունը ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը դժգոհեց, որ երեկ ինքը որոշ շտկումներ էր առաջարկում մտցնել, հաշվի չեն առել, մասնավորապես խտրականություն կա այլ ազգերի նկատմամբ, որոնք նույնպես ցեղասպանվել են: Արմեն Աշոտյանն էլ բացատրեց, որ այս նախագիծը կոնկրետ Իրաքում եզդիների ցեղասպանության մասին է: Մյուս ազգերին ԱԺ-ն կարող է անդրադառնալ իր գործունեության ընթացքում:
Ուշագրավ է, որ երբ քվեարկության դրվեց «Ելքի» պատգամավորների հեղինակած «Լիցենզավորման մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը, գեներալ Սեյրան Սարոյանը ոգեւորված արձագանքեց՝ «սաղս էլ կողմ ենք քվեարկում: Նիկոլ ջան, այ սենց Ազգային ժողով կլինի, բա չէ»: Նախագիծն իսկապես անցավ միաձայն՝ 92 կողմով:
Իսկ ավելի ուշ, երբ քվեարկության դրվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հեղինակած «Անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ապրանքների ցանկը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը եւ այն նույնպես միաձայն ընդունվեց, Սարոյանը հասկացավ, թե ինչն է խնդիրը, որ ԱԺ-ն այսպես վերափոխվել է. «Ծառուկյանի ոտքը խերով է»:
«Ոստիկանության մասին» օրենքի նախագծին, որը վերաբերում էր դեպքի վայրի պահպանման կանոնները պահպանելուն, «Ելքը» հայտարարեց, որ դեմ են քվեարկելու: Արտակ Զեյնալյանն ասաց, որ դեպքի վայրի պահպանման կարգը, շրջանակը հետագայում սահմանելու է կառավարությունը ու չգիտեն, թե ինչ կսահմանի: Նա ասաց, որ նույնիսկ ՌԴ-ում օրենքի նախագծի հետ բերվում են այն ենթաօրենսդրական ակտերը, որոնք կապված են օրենքի հետ, իսկ մեզ մոտ այդ մշակույթը չկա, դրա համար դեմ են: Նախագիծն ընդունվեց 85 կողմ, 6 դեմով:
ՀՀԿ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» նախագծին «Ելքը» նույնպես դեմ քվեարկեց, ներքին աուդիտի հետ կապված մտահոգություններ ունեին: Նախագիծն այնուամենայնիվ, ընդունվեց:
Կառավարության կողմից ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի նախագիծը, որով ներմարզային տրանսպորտի վերահսկողությունն անցնում է տրանսպորտի նախարարությանը, առաջին ընթերցմամբ ընդունվեց 59 կողմ, 7 դեմ, 27 ձեռնպահ ձայներով: «Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարեց, որ որակ եւ գների զսպում կարող են ապահովել միայն ազատ շուկայական հարաբերությունները. «Մենք այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր ենք տեսնում եւ դեմ ենք քվեարկելու»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նախագիծն իրապես ռիսկային է, մեկ օպերատորին հանձնելու դեպքում հնարավոր է ուղեվարձի թանկացում: Նա ասաց, որ այս պահին ձեռնպահ կքվեարկեն, կներկայացնեն առաջարկություններ, եթե չընդունվեց, կքվեարկեն դեմ երկրորդ ընթերցմանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ