Լրահոս
Օրվա լրահոսը

Հասանովը խոստովանեց, որ նման հարցերը, սովորաբար, կուսակցության վերնախավում են քննարկում, իրենք ընդամենը քվեարկում են. «Հրապարակ»

Հունվար 16,2018 10:42

ՀՀԿ խոսնակն անցած շաբաթ, գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց, որ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ն կառաջադրի լուրջ ճանապարհ անցած, լուրջ հետք եւ կենսագրություն ունեցող քաղաքական գործչի, որն ունի նաեւ բարձր հեղինակություն: Խոսքը ՀՀ նախագահի մասին է, որը պետք է ընտրվի մարտին, Ազգային ժողովում՝ ըստ նոր Սահմանադրության եւ խորհրդարանական կառավարման մոդելի: ՀՀ հաջորդ նախագահն այլեւս երկրի առաջին դեմքը չի լինելու, բայց, այդուհանդերձ, իշխանության որոշակի կրող է, ունի օրենքների վրա վետո դնելու իրավունք, դեսպանների նշանակման-ընդունման գործում դերակատարում եւ այլն։

ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը երեկ հրաժարվում էին անգամ այս թեմայով կարծիք հայտնելուց։ Բանն այն է, որ նրանք անտեղյակ են ու չեն էլ կարող գուշակել, թե անակնկալների սիրահար Սերժ Սարգսյանը վերջին պահին ում թեկնածությունը կարող է «դեմ տալ» կուսակիցներին, որպեսզի իրենք էլ ինքնամոռաց նետվեն այդ անձի փառաբանման գործին, իսկ վերջում, բնականաբար, սեղմեն «կողմ» կոճակը։

«Կարող ա Շարմազանովը որոշ բաներ իմանա՝ ով կարա լինի թեկնածուն, որովհետեւ ինքը խոսնակն ա, բայց ես չգիտեմ, հաստատ չգիտեմ»,-  անկեղծորեն խոստովանեց ՀՀԿ խմբակցության ազգությամբ քուրդ պատգամավոր, առաջին նիստում մի քանի ժամով ԱԺ խոսնակի կարգավիճակում հայտնված խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը։

Հարցին՝ սովորաբար նման հարցերում կուսակցությունում քննարկում չի՞ ծավալվում, Հասանովը բացասական պատասխան տվեց․ «Դա՝ կուսակցության գաղտնիք ասեմ, ինչ ասեմ, նման բան է։ Կգա ընտրության ժամանակը, կկանչեն, ու մենք էլ մեր կարծիքը կասենք կամ ինչ-որ բան։ Հիմա էդտեղ գերագույն մարմինն է որոշում, էստեղ ԱԺ խորհուրդ կա, իրենք էլ են հարցեր քննարկում, որ շատ պատգամավորներ չկան էդ խորհրդում»։ Հասանովը խոստովանեց, որ նման հարցերը, սովորաբար, կուսակցության վերնախավում են քննարկում, իրենք ընդամենը քվեարկում են, սակայն ինքը դրանում վատ բան չի տեսնում․ «Բոլոր ժամանակներում էլ այդպես է եղել։ Էդպես չի, որ բոլոր պատգամավորները երկու ամիս առաջ ամեն ինչ պետք է իմանան։ Դա ճիշտ չի, հիմա եթե ընտրություն չկա, ի՞նչ կարիք կա երկու ամիս առաջ ասեն, հավայի քննարկեն»։

Կուսակցական դեմոկրատիա չկա, փաստորեն՝  դիտարկմանը պատասխանեց․ «Դե, դեմոկրատիան, որ ներկայացնեն մեզ, մենք էլ մեր ձեւով կմասնակցենք քննարկումներին, եթե կարիքը լինի»։

Հարցրինք՝ եթե ներկայացված թեկնածուն իրենց սրտով չլինի, կարո՞ղ են դեմ քվեարկել։ «Դե, ինչի՞ համար, եթե ԳՄ-ն ներկայացնի, ինչի՞ պիտի դեմ քվեարկեմ»։

Պատգամավորը վատ չի զգում, որ հանրությանը հետաքրքրող հարցերն անգամ կուսակցության ներսում լայն քննարկումների չեն ենթարկվում․ «Հանրությունն ուրիշ է, կուսակցությունը՝ ուրիշ։ Թեկուզ սովետի ժամանակ, երբ պոլիտբյուրոն հարցերը դնում էր նիստերի, համագումարի, հետո համագումարը որոշում էր, տալիս էր պոլիտբյուրոյի անդամներին, վերստուգիչ մարմիններին, մի խոսքով՝ էդ սկզբունքը ճիշտ է»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031