Երեկ լրացել է սիգի որսի արգելքի ժամկետը. հիշեցնենք՝ այս ձկնատեսակի որսն ու հետեւաբար վաճառքն արգելվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 20-ից մինչեւ այս տարվա հունվարի 15-ը: Հիշեցնենք նաեւ, որ դեկտեմբերի 20-ից բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը մայրաքաղաքում «ռեյդի էր» դուրս եկել, սիգ վաճառողներին էր փնտրում, հայտնաբերելու դեպքում՝ ձուկն առգրավում: Լուսանկարը, սակայն, արել ենք հունվարի 13-ին, Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Ինչպես երեւում է, առեւտրականներն այնքան էլ ահաբեկված չէին բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստուգումներից:
Ըստ էության, այս տեսչական մարմնի ստուգումները կարճ տեւեցին, քանի որ մինչեւ հունվարի 15-ը, հատկապես Սուրբ Ծննդյան օրը, մայրաքաղաքի մի շարք փողոցներում սիգն ազատ ու անարգել վաճառվում էր: Մեզ հանդիպած առեւտրականը մեր՝ սիգի որսի եւ վաճառքի արգելքի մասին դիտարկմանը մի բան էլ հպարտությամբ ասաց. «Այ քուր ջան, հըմի կարո՞ղ ա բռնել տաս: Ընտիր ձուկ ա, հատը՝ 700 դրամ, նայի՝ փորը բացեմ, իկրան մեջը: Սաղ էլ ծախըմ են, մինակ մենք չենք»:
Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
16.01.2018