Լրահոս
Օրվա լրահոսը

Պատկերացնու՞մ եք աբսուրդը. Հայաստանը կրակն է ընկել իր զարդերի ձեռքը, որ նաև չափազանց թանկ է պահելը. «Իրատես»

Հունվար 16,2018 10:16

Հունվարի 11-ին կառավարությունը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի նախագահած նիստում հավանություն տվեց պահուստային ֆոնդի թանկարժեք իրերի օտարման 2018-2021-ի ծրագրին: Ինչո՞ւ են ծախում ոսկին, որ չի հնանում, որակները չի կորցնում, միշտ գին ունի: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ 1996-ից թանկարժեք քարերն ու պետական գանձերը կուտակվել են, բազմաքանակ զարդերը ժամանակի մեջ կորցնում են արժեքը: Պատկերացնու՞մ եք աբսուրդը: Հայաստանը կրակն է ընկել իր զարդերի ձեռքը, որ նաև չափազանց թանկ է պահելը: Ուրեմն` բացեք թանգարան, ինչպես անում են այլ երկրներում, և ցուցադրեք` փող աշխատելով զբոսաշրջիկների հաշվին, նաև ոչ պահուստային ոսկե զարդեր գնելու հնարավորություն տվեք նրանց: Այդպես անում են Պրադոն, Վատիկանը: Հաստատ հայ բարձրաստիճան պաշտոնյաները Մոսկվա այցերի ընթացքում առիթ ունեցել են լինելու «Ալմաստի թանգարանում», վա՞տ է: Կազմակերպեք ցուցահանդեսներ այլ երկրներում` ներկայացնելով եղածը և հավելելով հայ ոսկերիչների նոր աշխատանքը: Բրենդ ստեղծեք: Պատմություն: Ավանդույթ: Գովազդեք պետությունն ու նրա ունեցվածքը:

Ոչ, Հայաստանի կառավարությունը գնում է նախնադարյան ճանապարհով` հանրային աճուրդներ կազմակերպել ու զարդեր վաճառել: Եթե թանկարժեք իրերը չվաճառվեն սահմանված գնով, արժեքը կարող է նվազել միջազգային գներից ոչ պակաս:

Ծրագրի իրականացման արդյունքում պետական գանձարանը կստանա բարձր լիկվիդայնություն ունեցող պետական ստանդարտի ձուլակտորներ, որ ժամանակի ընթացքում չեն կորցնում արժեքը: Հասկացա՞ք: Ոսկեզարդը ծախում ենք, որ ոսկի գնենք: Համարյա այն անեկդոտն է` ինչպես դառնալ միլիոնատեր, երբ միլիարդատեր ես: Ավելի ճիշտ չէ՞ր պարզ ասել` փող է պետք, ժողովուրդ, փող չունենք, ոչ թե հնարել անհեթեթ պատումներ ու անվանել «Ծրագիր»:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031