Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսահենությունը ոչ մի արդարացում չունի

Հունվար 16,2018 10:00

Անցած շաբաթվա ընթացքում չէր դադարում Հայկ Մարությանի «Սուպեր մամա-2» ֆիլմի շուրջ բարձրացած աղմուկը: Ճիշտն ասած, չեմ նայել ֆիլմը եւ չեմ կարող կարծիք հայտնել, բայց, ընդհանուր առմամբ, հայկական «սքեթչային» կատակերգությունները, երբ դրանցից մի քանի կադր եմ տեսնում ծանոթների եւ բարեկամների մոտ հյուրընկալվելիս, առանձնապես իմ սրտով չեն: Ճաշակին ընկեր չկա՝ ինձ ավելի հոգեհարազատ է Չարլի Չապլինի եւ Լուի դը Ֆյունեսի, Անդրեյ Միրոնովի եւ Մհեր Մկրտչյանի հումորը, քան մեր ներկայիս, թող ներվի ասել, փոքր-ինչ գավառական սրամտությունները:

Բայց այն, ինչի մասին ուզում եմ ասել, որեւէ կապ չունի տվյալ ֆիլմի արժանիքների կամ թերությունների հետ: Այդ ֆիլմը գողացել են, եւ այն եկամուտները, որոնք պետք է հասնեին Հայկ Մարությանին եւ այդ տեսաարտադրանքի մյուս ստեղծողներին, հասել է գողացողներին՝ մարդկանց, որոնք հանցագործություն են կատարել: «Տեսահենություն» կոչվող հանցագործությանը չկա որեւէ արդարացում, եւ ֆիլմի գեղարվեստական արժեքի մասին խոսակցությունները չեն կարող արդարացնել այդ հանցագործությունը կամ նսեմացնել դրա վտանգավորությունը: Այս գողությունը չի արդարացվում որեւէ այլ գողությամբ՝ «բա դուք չե՞ք օգտվում գողացած windows»-ից»: Դա մի քիչ նման է քաղաքական «արդարացումներին»՝ «բա որ դո՞ւք էիք ընտրություններ կեղծում»: Եթե մեկը որեւէ «ղալաթ» է անում, դա բացարձակապես չի արդարացվում նախորդների կամ կողքինների «ղալաթներով»:

Տեսահենության հիմնական հասարակական վտանգավորությունը, իմ կարծիքով, այն է, որ այդ հանցատեսակն ըստ էության սպանում է շուկան: Ցանկացած ֆիլմի, սերիալի, համերգի, հաղորդման, տեսահոլովակի հեղինակները, պրոդյուսերները, ստեղծագործական խումբը ակնկալում են, որ իրենց ներդրած գումարները, ջանքերը կփոխհատուցվեն: Երբ նրանց արտադրանքը գողացվում է, փոխհատուցում տեղի չի ունենում, եւ դա բերում է հիասթափության, հուսահատության, նյութական կորուստների, իսկ դրա հետեւանքով ոչ մի ցանկություն այլեւս չի առաջանում նոր ֆիլմ նկարելու, նոր երգ գրելու, նոր համերգ կազմակերպելու: Կամ՝ եթե նման ցանկություն առաջանում է, ապա նոր նախագծի մեջ ներդրվում են շատ ավելի փոքր միջոցներ եւ ջանքեր: Չէ՞ որ ոչ մի երաշխիք չկա, որ գումարները հետ են բերվելու: Հետեւաբար Հայկ Մարությանը եւ մնացած բոլոր մարդիկ, ում հեղինակային իրավունքները խախտվել են, պետք է դիմեն իրավապահներին, իսկ սպառողները պիտի հասկանան, որ իրավունք ունեն ստեղծագործողներից որակ պահանջել միմիայն օրինական արտադրանք սպառելու դեպքում:

Ի դեպ, արժանիքների եւ թերությունների մասին: «Սուպեր մամա-2»-ի գողացած տարբերակը նայել են մի քանի հարյուր հազար օգտատերեր: Պահանջարկ չունեցող ապրանքը ոչ ոք չի գողանում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031