Լրահոս
Օրվա լրահոսը

Բիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք մաքսիմալ օրինակելի, նախանձելի երկիր. Կարեն Կարապետյանն այցելել է ՊԵԿ

Հունվար 15,2018 20:00

Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ ծանոթանալու 2017 թվականի հարկային եկամուտների կատարողականին, կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված գործունեության արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպումներ է նախատեսում բոլոր նախարարությունների և գերատեսչությունների հետ՝ ամփոփելու 2017 թվականն ու խոսելու 2018-ի անելիքների մասին: «Այս տարի սկզբունքները նույնն են՝ ինչպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի գործարարը լավ զգա, ձեռնարկատիրությունը հեշտ լինի, օրինապահ դաշտում աշխատող մարդկանց համար խաղի կանոնները հավասար լինեն»,- նշել է Կարեն Կարապետյանը:

ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը վարչապետին ներկայացրել է 2017 թվականին պետա­կան բյուջե հաշվեգրված հարկա­յին եկամուտ­­ները, որոնք կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումար­ները, ինչը նախորդ տարվա նույն ժամա­նա­­կաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամով կամ 11.6 %-ով: Առանց ԱԱՀ-ի վերադարձի գումարների հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 155 միլիարդ դրամ, հետևաբար նախորդ տարվա նույն ժամանա­կաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտ­ների աճը կազմել է 78,7 մլրդ դրամ կամ 7.3 %: ՊԵԿ նախագահը վարչապետին զեկուցել է, որ 2017 թվականի ընթաց­քում ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների գծով վերադարձված գումարը կազմել է ավելի քան 60.6 մլրդ դրամ, ինչը 24.6%-ով կամ 12 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը զեկուցել է, որ 2017-ին հարկային վարչարարության բարելավման աշխատանքներն իրականացվել են հիմնականում հարկային ստվերի բացահայտման, կանխարգելման և հարկային մարմնի կառավարման կառուցվածքի փոփոխության ու կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման ուղղությամբ: 2017թ. ընթացքում «խոշոր և միջին» հարկ վճարողների մասով ներդրվել է «Անհատական վերլուծությունների և հսկողության համակարգը», որի միջոցով ամենօրյա դիտարկման և վերլուծությունների արդյունքում հարկային մարմինը կանխարգելում ու բացահայտում է յուրաքանչյուր հարկ վճարողի հարկային խախտումները: «Փոքր» հարկ վճարողների մասով ներդրվել է «Ոլորտային վերլուծությունների և հսկողության համակարգը», որի միջոցով հարկային մարմինը նույնականացնում է ընդհանուր օրինաչափություններից շեղվող հարկ վճարողներին: Նախ՝ հարկ վճարողին առաջարկվում է շտկել վարքագիծը և հետագայում բացառել խախտումները, որից հետո՝ խախտումը կրկնվելու դեպքում, անկախ հարկ վճարողի «փոքր» լինելու հանգամանքից, ինտենսիվ կերպով իրականացվում են հսկողական միջոցառումներ՝ մինչև խախտումները բացառվեն: Նա նշել է, որ մինչև կառուցվածքային փոփոխությունների իրականացումը, նախ ուսումնասիրվել են հարկային տեսչությունների կողմից իրականացվող բոլոր գործընթացները: Բացահայտվել է, որ առանձին դեպքերում տեսչությունները գործել են ոչ միասնական կարգով, տարբեր տեսչությունների և հարկային տեսուչների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակը տարբեր է եղել՝ կախված տեսչության ղեկավարության հայեցողությունից և կարողություններից: Ըստ Կարեն Բրուտյանի՝ այս հանգամանքներից ելնելով՝ տարածքային հարկային տեսչությունները լուծարվել են, և ստեղծվել է Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը: Վարչապետին զեկուցվել է, որ ստուգումների հասցեականությունն ապահովելու նպատակով վերանայվել են ռիսկային չափանիշները, ավելին՝ 25%-ով կրճա­­տվել է թեմատիկ ստուգումների քանակը:  ՊԵԿ փոխնախագահն ավելացրել է, որ 2018-ին շարունակելու են սկսված բոլոր բարեփոխումները: «Նախատեսում ենք 2019 թվականի փաստացի կատարողական 10 տոկոս աճով հասնել մեր ծրագրային առաջադրանքին, որպեսզի դրա արդյունքում ստանանք մեկ տրիլիոն 325 մլրդ դրամ, արդյունքում՝ հարկային հատվածում առևտրային հարկ վճարողների մոտ աճը կկազմի միջինը 13 տոկոս: Հաշվի առնելով 2017-ի դինամիկան և առկա վիճակագրությունը՝ այդ թիրախն իրատեսական ենք գնահատում»,- ասել է Բրուտյանը:

Կարեն Կարապետյանը ևս իրատեսական է գնահատել և ավելացրել. «Կարծում եմ, որ հունվարի վերջին կամփոփենք 2017 թվականի տնտեսական ցուցանիշները: Այս պահին տեսնում ենք, որ դրանք լինելու են բարձր՝ քան նախատեսել ենք 2016-ին: 2018-ին ունենք նախադրյալներ, որպեսզի այդ տենդենցը պահպանվի: Այսինքն, տնտեսության առումով որոշակի դրական ազդակներ ունենք և այն ինչ պլանավորել ենք՝ պետք է միանշանակ կատարենք»,- ընդգծել է վարչապետը:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը զեկուցել է, որ պետական բյուջեի եկամուտներից 318 մլրդ դրամն ապահովվել է մաքսային մարմինների կողմից, այսինքն՝ մաքսային մասով աճը կազմել է 60 մլրդ դրամ կամ 23.3 %: Նրա խոսքով, մաքսային եկամուտներն աճել են հիմնականում ներմուծման ծավալների աճի և վարչարարության շնորհիվ: «Կառավարության ծրագրերի իրականացման շրջանակում ՊԵԿ-ի և բիզնեսի միջև փորձել ենք ձևավորվել փոխադարձ վստահության մթնոլորտ, ինչի արդյունքը նախորդ տարվա կատարողականի ցուցանիշն է: Ներմուծման ծավալների ավելացումը փաստում է, որ բիզնեսի մոտ վստահություն է ձևավորվել, որ ցանկացած ժամանակ ապրանքներ ներկրելու պայմաններում չեն ունենալու խոչընդոտ: Բիզնեսի շրջանում մեծացել է նաև մրցակցությունը, ինչի արդյունքում սպառման լայն ապրանքների մասով արձանագրվել է գնանկում, ինչը վերաբերում է հիմնականում կենցաղային էլեկտրոնիկային, կահույքին, ավտոմեքենաներին և այլն»,- ասել է Ավետիքյանը՝ ավելացնելով, որ ներմուծման ցուցանիշները բացառիկ են վերջին տարիների համար, ինչին նպաստել է ընթացակարգերի պարզեցման և կոշտ քաղաքականության մեղմացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Որպես օրինակ, Ավետիքյանը ներկայացրել է, որ 2017-ին ներկրվել է 39 հազար 270 ավտոմեքենա, այն պարագայում, երբ 2016-ին այդ թիվը կազմել է 16 հազար 887: Արդյունքում պետական բյուջե լրացուցիչ փոխանցվել է ավելի քան 11 մլրդ 660 դրամ հարկ:

Մաքսային ոլորտում մի շարք միջոցառումներ են իրականացվել էլեկտրոնային հարթակը բարելավելու ուղղությամբ, էապես նվազեցվել են մաքսային մարմնի և քաղաքացիների շփումները՝ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով: «Մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվա­կան համակարգում ներդրվել է էլեկտրոնային տարբերակով մաքսային հայտարարագրերի ներկայացման, մշակման և բացթողնման «կանաչ ուղու» ավտոմատ բացթողման հնարավորու­թյուն: Մաքսային մուտքի անդորրագրերի մշակման և ապրանքի էլեկտրոնային հայտարարագրման համակար­գերի շնորհիվ մաքսային ձևակերպումներն իրականացվում են տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիա­ների կիրառմամբ: Բացի այդ, ըստ Սամվել Ավետիքյանի, ոչ ռիսկային երկրներից ներկրվող ապրանքների մասով գործարկվել է գործարքի գնի մեթոդը: «Ճիշտ փաստաթղթերի ներկայացման միտում է նկատվում նաև ռիսկային երկրներից ներկրվող ապրանքների մասով: 2017-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ ՊԵԿ պաշտոնական կայքէջում տեղադրվել են առաջին 250 անուն ապրանքների վիճակագրական արժեքները և դրանց ներկրողների թվաքանակը: Աշխատանքներ են տարվում ներկրվող բոլոր ապրանքների հետ կապված տվյալները հրապարակելու ուղղությամբ: Արդեն իսկ տեղադրվել են նաև մաքսային համակարգի կողմից ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքները»,- ասել է Ավետիքյանը:

Կարեն Կարապետյանը ողջունել է իրականացվող աշխատանքները, հատկապես ապրանքների մատակարարումների քանակի, ներկրողների տվյալների հրապարակման հետ կապված: «2018-ին իրականում շատ բան եք իրականացրել ու դեռևս շատ բան ունենք անելու: Սահման անցնելը պետք է մաքսիմալ հեշտացնել, խաղի կանոնները հստակ հրապարակել, բոլոր խոչընդոտները, կնճռոտ հարցեը լուծել: Այս լիբերալ դաշտը բերելու է տնտեսության ակտիվացման, և մենք անպայման հետևողական կերպով պետք է գնանք դրան: Ռեգուլյար պետք է բիզնեսի հետ հանդիպել, լսել ազդակները»,- ասել է վարչապետը և հանձնարարել հանրությանը հնարավորինս արագ և մանրամասն ներկայացնել բոլոր բարեփոխումներն ու դրական փոփոխությունները:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը վարչապետին զեկուցել է, որ 2017-ին չկատարված հարկային ու մաքսային պարտավորությունների մասով գանձվել է 25,5 մլրդ դրամ,  ապահովվել է հայցային աշխատանքները դատական պաշտպանության գործընթացում: Նա հատկանշական է համարել, որ պարտավորությունների գանձման գործընթացում լիարժեք ապահովվել է սահմանադրությամբ պարտադիր լսված լինելու իրավունքը, ինչի ապահովման արդյունքում էապես նվազել են դատական կարգով բողոքարկման դեպքերը: Ըստ նրա, արձանագրվել է դատական գործերի 50 տոկոսով բեռնաթափում: Տեղեկացվել է նաև, որ նախատեսվում է ապաքրեականացնել քրեական օրենսգրքի մի շարք արարքներ, վերանայել դրանցով նախատեսված պատասխանատվության միջոցները:

Վարչապետը ողջունել և կարևորել է վերը նշված նախաձեռնությունները և հանձնարարել սերտորեն աշխատել մյուս գերատեսչությունների հետ՝ բարեփոխումները համատեղ հնարավորինս արագ առաջ մղելու համար:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն օրենսդրական դաշտի բարեփոխումներից առանձնացրել է արտադրական նշանակության մեքենաների, սարքավորում­ների և հումքի ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու նախաձեռնությունը՝ նշելով նաև, որ ԱԱՀ-ի վերադարձի հնարավորու­թյուն է ընձեռվել նաև երկրի ներքին տարած­քում գործունեություն իրականացնողներին: «Հատուկ ուշադրության է արժանացել միկրոձեռնարկա­տի­րության ոլորտը 2000 ինքնազբաղված անձինք ազատ­վել են հար­կերից, իսկ հարկային համաներում նախատեսող օրենք­ներով հարկ վճարողներն ազատվել են տույժերից ու տուգանք­ներից՝ հաշվարկ­ներն ինքնուրույն ճշգրտելու դեպքում: 2017թ. հաշվարկների ճշտման արդյունքում հարկ վճարողները 7 մլրդ դրամի չափով լրացուցիչ հարկ են վճարել»,-ընդգծել է Վախթանգ Միրումյանը: Նա նշել է, որ օտարերկրյա ֆիզիկական անձանց ԱԱՀ-ի վերադարձի կիրա­ռու­թյան շրջանակի ընդլայնման նպատակով՝ գնումների մեծու­թյան նվազագույն սահմանա­չափը 2 անգամ իջեցվել է՝ 100 հազ դրամի փոխարեն սահմանվելով 50 հազ դրամ: Արդյունքում 2017 թվականի ընթաց­քում ՀՀ-ում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս օտարերկրյա անձանց վերադարձ­վել է դրանց համար վճարված ավելացված արժեքի հարկը՝ 665,725.2 հազ դրամ գումարի չափով:

ՀՀ վարչապետին նաև զեկուցվել է, որ 2017թ. ապրիլ ամսից գոր­ծարկվել է «Հետադարձ կապի համակարգ» ծառայու­թյունը, որը հնարավորություն է ընձեռում հարկ վճարողին հեռախոսազանգից հետո գնահա­տել տվյալ հարցման արդյունքում կենտրոնի աշխատակցի տրամադ­րած պատաս­խանի որակը: Հարցմանը մասնակցած հարկ վճարողների 73.5%-ը դրական է գնահատել կենտրոնի աշխատանքը: Առհասարակ, 2017թ. ընթացքում հարկ վճարողների սպասարկման և հեռա­խո­սազանգերի կենտրոնի կողմից ստացվել է 156,767 հարցադիմում՝ հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող օրենսդրու­թյան և վարչարարության վերաբերյալ: Անդրադարձ է եղել հարկային և մաքսային ծառայող­ների մասնագիտական գիտելիքների և աշխատան­քային ունակություն­ների բարելավմանն ուղղված վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «ՊԵԿ-ի 2017 թվականի աշխատանքը գնահատում եմ դրական և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: 2018, 2019, 2020 թվականներին պետք է շատ հետևողական աշխատենք: Բիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք մաքսիմալ օրինակելի, նախանձելի երկիր: Եթե այդ դաշտն ապահովենք, մնացած բոլոր խնդիրները որպես ածանցյալ լուծվելու են: Եվ վստահ եմ, որ մենք դա կարող ենք անել»:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031