2017թ. դեկտեմբերի 27-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը ներկայացրեց մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Նա Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ համայնքի մասին նշեց, որ սեփական եկամուտների պլաններն ընդհանուր առմամբ կատարվել են, սակայն դատական գործընթացում եղած մի խնդրի պատճառով սեփական եկամուտներն ամբողջությամբ չեն հավաքվել:
2015 թվականից Խաշթառակ համայնքը ղեկավարող Անդրանիկ Վիրաբյանին հարցրինք, թե ինչ դատի մասին է խոսքը: Նա ասաց, որ Խաշթառակի համայնքի նախկին ղեկավար Հայկ Քամալյանի պաշտոնավարման ժամանակ, Երեւանի բնակչի ղեկավարած «Գաբրո Դիորիտ» ՍՊԸ-ն Խաշթառակի տարածքում ընդհանուր առմամբ շուրջ 3 հեկտար տարածքի վարձակալության պայմանագիր է կնքել: Ա. Վիրաբյանի խոսքերով`այդ տարածքում քարի հանքավայր է, սակայն ինքը չգիտի, թե ինչ քարատեսակ է այնտեղ առկա, հանքավայրը երբեք չի շահագործվել:
Համայնքի ղեկավարն ասաց, որ այդ տարածքի վարձակալության վճարը կազմել է 780 հազար դրամ: Համայնքապետարանը դիմել է դատարան, որպեսզի սնանկ ճանաչված «Գաբրո Դիորիտ» ՍՊԸ-ի հետ կնքված վարձակալության պայմանագիրը չեղյալ համարվի: 2017թ. սկզբին դատարանը նման վճիռ է կայացրել:
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում առկա է Խաշթառակ համայնքի ավագանու 2012թ. նոյեմբերի 2-ի որոշման արձանագրությունը: Այդտեղ նշված է, որ է,որ «Գաբրիո Դիորիտ» ՍՊԸ տնօրեն Վիգեն Սուրենի Զուրաբյանը Խաշթառակի գյուղապետարան է դիմել համայնքի վարչական սահմաններում գյուղնշանակության հողերից 1.20977 հա որպես առանձին միավոր առանձնացնելու, նպատակային նշանակությունը փոխելու, ընդերքօգտագործման եւ սահմանված կարգով հողահատկացում կատարելու խնդրանքով: Ավագանին համաձայնվել է այդ խնդրանքին եւ որոշել դիմել Տավուշի մարզպետին`վերոհիշյալ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու հարցը ներկայացնելու կառավարություն:
Համացանցում տարածված պաշտոնական հայտարարությամբ` Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. նոյեմբերի 20-ի վճռով «Գաբրիո Դիորիտ» ՍՊԸ սնանկ է ճանաչվել:
Գեղեցիկ բնություն ունեցող Խաշթառակ գյուղում են նկարահանվել «Մենք ենք , մեր սարերը», «Տղամարդիկ» եւ հայկական բազում այլ կինոնկարներ, այդ պատճառով այն «Հայկական Հոլիվուդ» են կոչում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ