Ծաղկաձորում գտնվող Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մասնաճյուղի բազայի վրա նոր, գերժամանակակից մարզահամալիր կկառուցվի:
Մարզահամալիրը սեփական միջոցներով կառուցում է Գագիկ Ծառուկյանը: ՀԱՕԿ նախագահը նախնական հաշվարկներով ներդնելու է 25-ից 30 միլիարդ դրամ:
Մարզահամալիրը միաժամանակ կկարողանա սպասարկել ինչպես հենակետային, այնպես էլ մյուս բոլոր մարզաձեւերի ավելի քան 600 մարզիկի:
Այսօր ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը խորհրդակցության էր հրավիրել մարզաձեւերի պատասխանատուներին՝ լսելու նաեւ նրանց մասնագիտական առաջարկները: «Ձեզ հրավիրել եմ, որպեսզի նախապես անեք ձեր առաջարկները: Մենք պատրաստակամ ենք լսել ձեր ցանկացած առաջարկ, որպեսզի մինչեւ շինարարական աշխատանքներն սկսելը դրանք բոլորը հաշվի առնենք եւ մտցնենք նախագծի մեջ: Ավելի լավ է սկզբից անենք այն, ինչ անհրաժեշտ է, քան հետո ափսոսանք, որ այսինչ բանը ժամանակին վրիպել ենք», – ասաց պարոն Ռոստոմյանը:
Մարզահամալիրն ունենալու է միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխանող եւ օժանդակ բոլոր հարմարություններով ընդարձակ ու հարմարավետ բազմաֆունկցիոնալ մարզադահլիճներ՝ մենապայքարային եւ խաղային մարզաձեւերի համար, ֆուտբոլի խաղադաշտ, աթլետիկայի համալիր, ամբողջ բազայի երկայնքով առանձին վազքուղի, որը կծառայի բոլոր մարզաձեւերի ներկայացուցիչներին, հրաձգարան, լողավազան (50×25 մ), որտեղ հանրապետությունում առաջին անգամ ջրացատկորդների համար ոստնակներից եւ աշտարակացատկից զուգացատկերով մարզվելու հնարավորություն կստեղծվի, հյուրանոցային երկու մասնաշենք՝ ազգային, երիտասարդական եւ մանկապատանեկան հավաքականների համար: Օլիմպիական ավանում առանձին աշխատասենյակներ եւ լաբորատորիա կհատկացվի մարզիկներին բժշկական համալիր ծառայություններ մատուցելու, դոպինգ ստուգումների, վերականգնողական կենտրոնի համար: Կգործի նաեւ մամուլի կենտրոն:
Հատուկ սրահներ են նախատեսված մարզիչների համար, որտեղ նրանք ուսումնամարզական հավաքների ընթացքում քննարկումներ կանցկացնեն, կդիտեն մրցակիցների ելույթների տեսագրությունները եւ ավելի արդյունավետ կկազմակերպեն նախապատրաստությունը:
Գերժամանակակից մարզահամալիրը հնարավորություն է տալու համատեղ հավաքներ կազմակերպել այլ երկրների ազգային հավաքականների եւ թիմերի հետ, անցկացնել նաեւ միջազգային մրցաշարեր:
Բոլոր պայմանները կլինեն նաեւ մարզիկների լիարժեք հանգստի եւ ժամանցի համար՝ ընդարձակ այգիներ, կինոթատրոն, հանգստի սրահներ:
Ամբողջ մարզահամալիրը զբաղեցնելու է 3 հա տարածություն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ