ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կարծում է, որ Պաշտպանության նախարարի՝ զինվորի համար դրամահավաք կատարելու կոչը մարդասիրական քայլ է: «Բայց, քանի որ նախաձեռնությունը Պաշտպանության նախարարինն է, եւ քանի որ նախկինում նա հանդես է եկել նաեւ հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ, ըստ էության, նրա քայլն այժմ չի ընկալվում: Ժողովուրդը կտրուկ ձեւակերպումներով է հանդես գալիս եւ սուր գնահատականներ է հնչեցնում»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր նկատեց Վահե Էնֆիաջյանը:
Նրա խոսքով՝ զինվորի կողքին կանգնելն անհրաժեշտություն է, բայց դա պետք է անել այլ մոտեցումներով. «Կան անհատ-բարեգործներ եւ բարեգործական հիմնադրամներ, որոնք սիրով կաջակցեին զինվորին: Կարելի էր նաեւ պաշտոնյաներին դիմել: Կարծում եմ՝ այդ ճանապարհով զինվորի խնդիրը տրամաբանական լուծում կստանար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ