Հունվարի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Վրաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Պայչի հետ։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին երկկողմ հետարքրքություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
Դեսպան Սադոյանը նշեց, որ հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը և բազմաբնույթ համագործակցությունը զարգանում են դինամիկ կերպով և հագեցած են ինտենսիվ բարձրաստիճան փոխայցելություններով:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ Ռուբեն Սադոյանը Գերմանիայի դեսպանին հանգամանորեն ներկայացրեց հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը և ադրբեջանական կողմի ապակառուցողական գործելաոճը։ Ռուբեն Սադոյանը նաև խոսեց օրեր առաջ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Արցախում հերթական հայ զինծառայողի զոհվելու փաստի մասին։
Այնուհետև, կողմերն անդրադարձան ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և խոսեցին հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների համատեքստում այդ համաձայնագրի ընձեռող հնարավորությունների մասին։
Դեսպան Սադոյանն իր հերթին նշեց, որ հայ ժողովուրդը մեծ հարգանքով է վերաբերվում գերմանացի բարեկամ ժողովրդին և նաև մեծ երախտագիտությամբ հիշում 2016 թ․ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստը։
ՀՀ դեսպանի խնդրանքով դեսպան Պեյչը խոսեց Գերմանիայում փախստականների հետ կապված հարցերի մասին։ Դեսպան Սադոյանն այդ համատեքստում նշեց, որ Հայաստանն ընդունել է Սիրիայից ժամանած շուրջ 22000 փախստականների, որոնք գտնվում են Հայաստանի իշխանությունների մշտական հոգածության ներքո՝ ընդգծելով, որ ընդունած փախստականների թվով Հայաստանը երրորդն է Եվրոպայում՝ իր բնակչության թվի համամասնությամբ:
Տեղեկանք․ Վրաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Պայչը 2004-2007 թթ․ Գերմանիայի դեսպանն էր Հայաստանում։
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ