Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհներին գովազդային պաստառներ ինքնակամ փակցնողները կտուգանվեն. կառավարության նախագիծը

Հունվար 15,2018 18:05

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ: Փոխնախարար Գագիկ Գրիգորյանն ասաց, որ առաջարկում են ընդհանուր նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհներին ինքնակամ գովազդային կամ այլ պաստառներ տեղադրելու համար տուգանքներ կիրառել:

«Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ շարունակ խոսում են ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին, բա ո՞վ պետք է խոսի պետության կարգապահության մասին. «Այսօր մենք հանրապետական նշանակության ճանապարհներ ունենք, մինչեւ Երեւանից կտրում-անցնում ես այդ ճանապարհով քո ցանկալի վայրը, ավտոմեքենային իր բժշկի մոտ պետք է տանես, դու էլ քո բժշկի մոտ գնաս, որովհետեւ ներքին օրգաններդ խառնվում են իրար: Խոսում են լուսավորության մասին, խոսում են նշանների մասին, բայց ճանապարհների մասին մոռանում են»: Գեւորգ Պետրոսյանը հարցրեց՝ կարո՞ղ է մի օր էլ մեզ զարմացնեք եւ քաղաքացիների համար մի լավ օրենք բերեք, ոչ թե անընդհատ տուգանք, պատիժ, հարկադրանք:

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հորդորեց բոլոր բնակավայրերից դեպի օդանավակայան ցուցանակներ փակցնեն: Սերգեյ Բագրատյանը հորդորեց ազատվել սովետից մնացած կապույտ եւ սպիտակ գույներից, որոնք ցուցանակների մեջ օգտագործվում են: Ըստ նրա, տուրիստների համար պետք է հաճելի գույներ ընտրվեն, օրինակ՝ նարնջագույն:

Փոխնախարարը պատասխանեց, որ մեր կապույտ, սպիտակ եւ շագանակագույն գույները ստանդարտի մեջ են: Բագրատյանը դժգոհեց, որ Երեւանից Մեղրի գնալու ճանապարհին, օրինակ, տուրիստները չեն կարող կանգնել, զուգարանից օգտվել, ջուր խմել. «Ավտոստոպների մշակույթը պիտի ներդնենք, որովհետեւ չի կարելի 400 կմ գնալ՝ առանց ավտոկանգառների հնարավորության, պետք է լինեն հանրային զուգարաններ, հանրային հանգստի վայրեր»: Նախագիծը վաղը կդրվի քվեարկության:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031