«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ելք» դաշինքի՝ հունվարի 19-ին կազմակերպելիք երթին, որն ուղղված է թանկացումների դեմ, ասաց՝ եթե քաղաքացին սատարում է «Ծառուկյան» դաշինքին, դա չի նշանակում, որ այլ ուժերի կազմակերպած երթերին մասնակցելու իրավունք չունի:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք «Ծառուկյան» խմբակցությունը կմիանա երթի՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջին, Պետրոսյանը պատասխանեց. «Մենք դեմ էինք Հարկային օրենսգրքի փոփոխություններին, որոնք հանգեցրին թանկացումներին: Օրենքով մեզ վերապահված լիազորություններն օգտագործելու հարցում մենք չենք թերացել: Պատգամավորներով փողոցային երթի մասնակցելը չէ միակ տարբերակը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ