«Որեւէ նորմատիվ-իրավական ակտով մենք չենք կրում պատասխանատվություն՝ այդ նամակին գրավոր պատասխանելու համար»,-ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ «Ծառուկյան» դաշինքը չի արձագանքել «Ելք»-ի՝ նախագահի իր թեկնածու Արտակ Զեյնալյանին սատարելու առաջարկը պարունակող նամակին, ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նա նշեց՝ տեղյակ չէր այն փաստից, որ Ծառուկյանը «Ելք»-ի գրավոր նամակը չի ստացել. «Բայց եթե ասում է, որ չի ստացել, ուրեմն նրան առձեռն չի հանձնվել: Ենթադրենք՝ առձեռն հանձնված լիներ, ի՞նչ կապ ունի դա, եթե Ծառուկյանը հայտարարել է, որ մենք չենք առաջադրելու նախագահի թեկնածու»:
Պետրոսյանն այնուհետեւ դարձավ այս խնդրի շուրջ «Ելք»-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին՝ ասելով. «Որեւէ մեկը մեզ իրավունք չունի մեղադրել մեր քաղաքական կեցվածքի համար»:
Թե ինչու ի վերջը «Ծառուկյան» դաշինքը չաջակցեց Ելք»-ին, Պետրոսյանի խոսքով. «Որտե՞ղ է գրված, որ «Ծառուկյան» դաշինքը պարտավոր է աջակցել այլ ընդդիմադիր կեցվածք ունեցող ուժի նախաձեռնություններին: Ներքին քննարկումների արդյունքում նպատակահարմար չենք գտել աջակցել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ