Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարզպետարանները նախարարություններից արագ են պատասխանում հարցումներին». Լիանա Դոյդոյան

Հունվար 15,2018 16:56

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լիանա Դոյդոյանի հավաստմամբ՝ դեռ օրենսդրական խնդիրներ կան տեղեկատվության ազատության ոլորտում:

«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Դոյդոյանը հայտարարեց, որ լուրջ թերացումներ կան էլեկտրոնային փոստով ուղարկված հարցումների առումով: Նա մանրամասնեց. «Բազմաթիվ լրագրողներ ահազանգում են, որ մի շարք գերատեսչություններ հրաժարվում են էլեկտրոնային փոստով ուղարկված հարցումներին պատասխանել՝ պատճառաբանելով, թե կայքում առանձին բաժին կա, որտեղ պետք է նույնականացման քարտով գրանցվել, այնուհետև հարցում ուղարկել»:

Լիանա Դոյդոյանն օրինակ բերեց Ազգային անվտանգության, Կառավարության կայքերը, որտեղ նշված է, թե էլեկտրոնային հարցումները չեն կարող օրինական համարվել, եթե նույնականացման քարտով, անձը հաստատող փաստաթղթով չեն ապահովված. «Շատ դեպքերում պետական գերատեսչությունները պատասխանի բացակայությունը պատճառաբանում են նրանով, որ էլեկտրոնային հարցումը չեն ստացել, մինչդեռ այսօրվա զարգացած տեխնիկական դարում նման պատճառաբանություններն անհեթեթ են: Սա հակասում է դեռ 2015-ի հոկտեմբերի 25-ին ընդունված՝ Կառավարության 1204N որոշմանը, որն ուժի մեջ մտավ 2016-ի հունվարից, ըստ այդմ՝ էլեկտրոնային հարցումները հավասարեցվում էին գրավոր հարցումների»:

Լիանա Դոյդոյանի տեղեկացմամբ՝ մարզպետարաններն ավելի արագ են պատասխանում գրություններին, քան նախարարությունները: Ըստ տիկին Դոյդոյանի՝ լավագույն օրինակ են Շիրակի, Վայոց ձորի մարզպետարանները:

Լիանա Դոյդոյանը տեղեկացրեց, որ նվազել է լուռ մերժումների թիվը, սակայն շատ դեպքերում պատասխաններն այնքան թերի ու լղոզված են, որ հավասարազոր են չպատասխանելուն: Լիանա Դոյդոյանը խորհուրդ է տալիս հարցումների պատասխանները չստանալու դեպքում դիմել դատարան, քանի որ ըստ իրենց պրակտիկայի՝ հայցերի 75 %-ը բավարարվել է իրենց օգտին:

Լիանա Դոյդոյանի տեղեկացմամբ՝ սև ցուցակում հայտնված գերատեսչությունների թիվը ևս կրճատվել է. «Շատ զարմանալի է, որ ՀՀ Կառավարությունը, որը միշտ ակտիվորեն և առաջինն է պատասխանել լրագրողական հարցումներին, այսօր երկու հարցում թողել է անպատասխան. մեկը՝ դրամաշնորհների վերաբերյալ, մյուսը՝ պաշտոնական մեքենաների վերաբերյալ հարցումները: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի սև ցուցակում այս տարի տեղ են գտել Կառավարության աշխատակազմը, Ֆինանսների նախարարությունը և այլն, իսկ սպիտակ ցուցակ չենք հրապարակել, քանի որ լուրջ դրական տեղաշարժ չենք նկատել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031