ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ «Ծառուկյան» դաշինքն ապրիլին ընդառաջ՝ նախագահի թեկնածու չի առաջադրելու:
«Նախագահի ընդդիմադիր թեկնածուի չառաջադրել՝ նշանակում է կանաչ լույս վառել հանրապետական թեկնածուի համար: Դա մեզ համար ցավալի փաստ է»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը:
Նա համաձայն չէ Ծառուկյանի այն համոզմունքի հետ, թե իրենց պատգամավորների թիվը քիչ է, այդ պատճառով էլ իմաստ չկա նախագահի թեկնածու առաջադրել:
«Այսօր «Ծառուկյան» դաշինքի երկու նախաձեռնությունները քննարկելը մերժվեց: Ուրեմն, ինչո՞ւ էին առաջադրում այդ հարցերը, եթե փոքրամասնություն էին եւ, միեւնույն է, պետք է մերժում լիներ»,-նշեց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Ծառուկյանի պնդմանը, թե «Ծառուկյան» դաշինքը չի ստացել «Ելք»-ի նամակը, որով վերջինս առաջարկում է սատարել նախագահի իր թեկնածու Արտակ Զեյնալյանին, Նիկոլ Փաշինյանը հետեւյալն ասաց. «Չէր կարող ստացած չլիներ մեր գրությունը: Դա ուղարկվել է: Ես ինքս եմ տեսել Վահե Էնֆիաջյանի ձեռքին այդ նամակի տպագրված տարբերակը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ