Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզերում ամեն համայնք կունենա տրանսպորտ, կլինեն չվացուցակներ, միասնական տոմսային համակարգ. Նոր օրենք՝ ԱԺ-ում

Հունվար 15,2018 16:43

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում կառավարությունը փոփոխություններ է առաջարկում կատարել եւ նախատեսում է ստեղծել մեկ միասնական երթուղային ցանց: Գործող օրենքով միջմարզային երթուղային ցանցը նախարարությունն էր կազմակերպում, իսկ ներմարզայինը՝ տարածքային համապատասխան մարմինը:

Այդ մասին այսօր ԱԺ-ում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանն ասաց, որ հիմա առաջարկում են, որ նախարարությունը մենակ զբաղվի միջմարզային եւ ներմարզային տրանսպորտի հարցերով: Գրիգորյանն ասաց, որ միասնական ցանցի դեպքում բոլոր բնակավայրերի համար կլինեն չվացուցակներ եւ մեկ-երկու օրվա ընթացքում բոլոր համայնքները կունենան հնարավորություն տրանսպորտային սպասարկում ունենալ դեպի մարզկենտրոն, այնտեղից էլ՝ մայրաքաղաք:

ՀՀԿ պատգամավոր Շուշան Սարդարյանը հարցրեց՝ ուղեվարձի փոփոխություն լինելո՞ւ է դրա արդյունքում՝ Գրիգորյանը պատասխանեց, որ հիմա Արմավիրի մարզում պիլոտային ծրագիր են անում, որ հասկանան: Նա ասաց, որ եկամտաբեր երթուղիները համակցված են լինելու ոչ եկամտաբեր երթուղիների հետ: Փոխադրողին տալու են մեկ-երկու մարզի երթուղային ցանցն ամբողջությամբ սպասարկելու հնարավորություն. «Գնագոյացման համար կա հաշվարկ, կարծում եմ, մենք կզսպենք եւ չենք թույլ տա ավելի բարձր գին, քան տնտեսական հիմնավորում կա դրա համար»:

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանին հետաքրքրում էր՝ սեղմած գազի վերջին թանկացումների հետեւանքով տրանսպորտի ուղեվարձը կթանկանա՞՝ Գագիկ Գրիգորյանը պատասխանեց, որ հիմա ուսումնասիրություններ են իրականացնում. «Իհարկե, վառելիքի գինը ինքնարժեքի մեջ ունի մեծ տեսակարար կշիռ, ազդեցության չափը կախված կլինի, թե մինչեւ հիմա գործող գները ինչքանով են համապատասխանում, ներդրողի, փոխադրողի ծախսերը փոխհատուցո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե զրոյական մակարդակում է, ապա կունենան բարձրանալու տենդենց»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դժգոհեց, որ ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները շատ ցածրորակ ծառայություններ են մատուցում, բազմաթիվ բողոքներ կան տրանսպորտային միջոցների ժամկետանց, հնամաշ լինելու հետ կապված, բազմաթիվ դեպքեր կան, որ զոհեր ենք ունենում: Նա հարցրեց՝ հիմա գծատեր հասկացությունից կազատվե՞նք, խնդիրները կվերանա՞ն, թե՞ կոսմետիկ ինչ-որ փոփոխություններ եք անելու՝ Գրիգորյանը վստահեցրեց, որ հիմնարար փոփոխությունների են իրենք գնում եւ իրենց նպատակն է, որ արժանավայել տրանսպորտային ծառայություններ մատուցեն քաղաքացիներին: Փոխնախարարը նշեց, որ բնակիչը կկարողանա մեկ միասնական տոմսային համակարգից օգտվել, տոմսը ձեռք բերելիս կունենա հնարավորություն նույն տոմսով երթեւեկել մինչեւ վերջնակետը, որը առավոտյան տանից դուրս գալիս թիրախավորել են:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Շիրակի մարզում են եղել վերջերս, հենց Գյումրիի ներսում թաղամաս կա, որտեղ տրանսպորտ չի գնում, որովհետեւ բիզնես տեսակետից համարվում է ոչ արդյունավետ: Ըստ նրա, գաղափարը լավն է, բայց ո՞նց են շահագրգռելու մեկ օպերատորի, որ նա սպասարկի 30 բնակիչ ունեցող համայնքին. «Փոխնախարարն ասաց, որ ձեւը գիտեն զսպման, որ սակագին չբարձրանա, բա որ էդ ֆոկուսը գիտեք, հիմա՞ ինչի չեք անում, հիմա ինչի՞ է խայտառակ միջհամայնքային տրանսպորտը: Գյուղեր կան, որ ձմռան առաջին օրից դառնում են մի հատ Ալյասկա, կտրվում են, այնտեղ հնարավոր չի նույնիսկ սայլով մտնել մինչեւ ձյան հալոցքը»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, նախարարությունը պետք է հստակ ցույց տա, որ խնդիր չեն դրել այս մի ոլորտն էլ մոնոպոլացնել, վրան բանտիկ կապել, տալ ինչ-որ մեկին, այլ խնդիր է դրված իսկապես այս բարձիթողի վիճակում գտնվող ոլորտը կարգավորել:

Մելքումյանն էլ հիշեցրեց, որ ջրի ոլորտում մեկ օպերատորի են տվել, վիճակը լա՞վ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031