Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու հազար դոլարանոց մեքենան հնարավոր է դառնա 6-8 հազար դոլար (Տեսանյութ)

Հունվար 15,2018 16:37

Աջ ղեկով մեքենաների հաշվառումն ու շահագործումը ապրիլի 1-ից արգելելու պարագայում, ավտոմեքենաների գները կբարձրանան: Այսօր «Զարկերակ» ակումբում, այսպիսի համոզմունք հայտնեցին «Վարորդի ընկեր» հ/կ-ի համահիմնադիր Դավիթ Պեդանյանը եւ «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Մասնագետները հստակ հաշվարկներ չունեն, թանկացումը 10, թե 20 տոկոսով կլինի: Ըստ նրանց, գուցե ավելի շատ լինի, քանի որ 2020 թվականից հետո, ԵԱՏՄ մաքսատուրքերով պայմանավորված, երրորդ երկրից ներկրվող ավտոմեքենաները ավելի բարձր մաքսատուրք պետք է վճարեն: Ըստ Կարեն Չիլինգարյանի, 2 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենան հնարավոր է՝ դառնա 6-ից 8 հազար դոլար:
Aravot.am-ի հարցին, թե ոստիկանությունը, տրանսպորտի եւ կապի նախարարը պնդում են, որ աջ ղեկով ավտոմեքենաների մասնակցությունը բարձր է ճանապարհատրանսպորտային վթարներում, արդյոք կա՞ այդպիսի վիճակագրություն, Դավիթ Պեդանյանն ի պատասխան ասաց, որ աջ ղեկով մեքենաների` ճանապարհատրանսպորտային պատահարներին մասնակցությունը կազմում է 8-ից 10 տոկոս, որի մեջ հստակեցված չէ, թե մեղավորությունն ումն է. «Վերցնենք, որ կեսը կամ հենց տասը տոկոսն էլ մեղավորությունը աջ ղեկով մեքենաներինն է, այսինքն` մնացած 90 տոկոսը մեղավոր են ձախ ղեկով մեքենաները»:

Մանրամասները` տեսանյութում

Ըստ Դավիթ Պեդանյանի, այդպիսի ապացույցներ չկան, որ աջ ղեկով ավտոմեքենաները վտանգ են ներկայացնում. «Այսքան ժամանակ է՝ ես եւ ծանոթներս աջ ղեկով ավտոմեքենա ենք վարում եւ որեւէ վտանգ չենք նկատել: Եթե իրոք կարողանան ապացուցել, որ աջ ղեկով ավտոմեքենաները վտանգ են ներկայացնում, ուրեմն, հիմա բոլորս գտնվում ենք վտանգի մեջ: Պարոն նախարարը արգելում է ներմուծումը, բայց չի խոսում արդեն ներսում գտնվող մեքենաների մասին: Նրա կողմից խելամիտ առաջարկ կլիներ, որ ասեր` ձեր վճարած մաքսազերծման գումարների հաշվին պետությունը կսուբսիդավորի եւ բոլոր աջ ղեկերը կփոխարինեն ձախ»:

Aravot.am-ի այն հարցին էլ, թե ստացվում է` Ճապոնիան, որտեղից որ հիմնականում ներկրում են աջ ղեկով ավտոմեքենաները, այդ ճանապարհով հեշտությամբ ուտիլիզացնում է իր երկրում առկա մեքենաների թափոնները եւ Հայաստանը դառնում է այդ ավտոմեքենաների «գերեզմանատունը», պարոն Պեդանյանը պատասխանեց, որ իսկապես, աջ ղեկով մեքենաների վերջին հանգրվանը Հայաստանն է: Կարեն Չիլինգարյանի կարծիքով՝ Հայաստանը Ճապոնիայի համար մի կաթիլ է ծովում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031