Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ դասախոս. «Նոր դասագրքի ստեղծումը ահռելի գումարներ է պահանջում»

Հունվար 15,2018 15:57

Ազգային միացյալ նախաձեռնության ղեկավար, ԵՊՀ ուսանող Շահեն Հարությունյանը գրել էր, որ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողները Համաշխարհային պատմություն են ուսումնասիրում 1966թ.-ին ԽՍՀՄ-ում ռուս գիտնականների կողմից լույս տեսած և 1975թ.-ին հայերենով թարգմանված գրքով, որտեղ, ըստ Շահենի, ամեն էջում մեջբերված են Լենինի, Մարքսի և Էնգելսի գաղափարները:

Նրա ձեւակերպմամբ, «Մենք այնքան ժամանակ ոչ մի տեղ չենք ունենալու համաշխարհային քաղաքականության էջերում, քանի որ ապրելով անցյալով՝ վիրավորում ենք նոր ապագան և այդ ապագան կերտողներին, որոնք էլ առաջին իսկ հարմար պահին անխնա պատժելու են մեզ՝ իրենց վիրավորելու համար»։
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանից եւ նույն ֆակուլտետի դասախոս Գագիկ Հարությունյանից:

«Եթե մինչեւ հիմա բուհական նոր դասագիրք չկա հրապարակի վրա, նորը չի տպագրվել, ի՞նչ գրքով անցնենք, եթե ոչ` գոյություն ունեցող դասագրքով, անհրաժեշտության դեպքում նաեւ ռուսերեն գրականությամբ: Ուրիշ տարբերակ կա՞, ասացեք խնդրեմ…»,-ասաց Գագիկ Հարությունյանը:

Aravot.am-ը հետաքրքրվեց` այդ դեպքում ինչո՞ւ նոր դասագիրք չի ստեղծվում, չէ՞ որ մենք անկախ պետություն ենք:

«Պատմության նոր դասագրքեր ստեղծելու համար ահռելի ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, տասնյակ միլիոններ…Այդքան միջոցներ ո՞վ է տվել բուհին, որ բուհը դասագիրքը չի ստեղծել: Հազիվ դպրոցական համաշխարհային պատմության դասագրքերն են մի կերպ ստեղծվել: Ամբողջ խնդիրը կապված է ֆինանսների հետ: Դասագիրք ստեղծելն էլ հեշտ բան չէ, կոլեկտիվ աշխատանք է, պլաններ պետք է մշակվի, եւ այլն, եւ այլն…Կամ՝ ի՞նչ է նշանակում սովետի դասագիրք, սովետական դասագրքերը վատը չեն, իսկ կոնկրետ նշված դասագրքում Մարքսից, Էնգելսից ու Լենինից ոչ մի մեջբերում էլ չկա»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Նա նաեւ հավաստիացրեց, որ բացի 1975 թ. թարգմանված դասագրքից, ինքը ուսանողներին հանձնարարում է ուսումնասիրել Մոսկվայի պետական համալսարանի հրատարակած դասագիրքը, իսկ իր դասախոսությունները կառուցված են նորագույն նյութերի հիման վրա:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն էլ հավելեց. «Գրականություն հանձնարարվել է եւ ռուսերեն, եւ անգլերեն, իսկ նոր դասագիրք, ցավոք, չկա: Դրա համար դասախոսը կարդում է ժամանակակից գրականության հիման վրա կառուցված դասախոսություն, որտեղ Լենինի, Էնգելսի ու Մարքսի մասին, բնականաբար, խոսք անգամ չկա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    2018 թուականին դասաւանդում են խորհրդային դասագրքերով 🙂
    Տէր Աստուած, մի՞թէ սա կատակ է: Աւա՜ղ՝ ոչ:

    Դուք նոյնիսկ չէք պատկերացնում թէ աշխարհը որքա՜ն առաջ է գնացել կրթութեան եւ գիտութեան ասպարէզում: Իսկ Հայաստանն, ինչպէս միշտ, դոփում է տեղում (եւ դեռ երկար ժամանակ դոփելու է):

    Նայէք ձեր բուհերին. նոյնիսկ ԱՊՀ եւ արեւելեան Եւրոպայի 200 լաւագոյն համալսարանների ցանկում հայաստանեան ոչ մի ներկայացուցիչ չկայ, որովհետեւ ձեր բուհերի առաջնային նպատակը կրթութիւնը չէ, այլ ՀՀԿ-ի համար “կոմսոմոլներ” բուծելը:

    Յ.Գ. Բայց եկէք տխուր նոտայով չաւարտենք եւ նշենք անկախութեան տարիներին հայաստանեան բուհերի կարեւոր ձեռքբերումները՝ 🙂

    ա/ Ապրիլի 23-ի ջահերով երթը, որի ընթացքում հերոսաբար այրում են ‘շուն թուրքերի’ կարմիր լաթը:
    բ/ Ոչ իշխանահաճոյ ցոյցերի ժամանակ ուսանողներին լսարաններում կողպելը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031