Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Բախը սուրճի գովազդ գրեց, իսկ Լոտրեկը կաբարեի համար նկարեց

Հունվար 15,2018 15:49

Kulturologia.ru կայքը գրում է, որ գովազդը սովորաբար ընկալվում է որպես ձանձրալի ու անհետաքրքիր մի բան, ինչ-որ առումով փաստերի, մեջբերումների, հումորի աղբյուր, սակայն կյանքը ցույց է տալիս, որ որոշ գովազդներ սկսել են առանձին կյանքով ապրել, անգամ դարձել համաշխարհային մշակութային ժառանգության մի մաս:

Կայքը ներկայացրել է տպավորիչ օրինակներից մի քանիսը:

 Սրճային կանտատը օգնեց սուրճի սպառմանը

Մասնավորապես նշվում է, որ 18-րդ դարը Արեւմտյան Եվրոպայում ընկալվում է որպես սուրճի դար: Ավստրիական ու գերմանական սուրճը երաժշտական սրահների եւ թատերական ներկայացումների ժամանակ մատուցվող կարեւոր բաղադրիչ էր համարվում: Ոմանք, սակայն, պայքարում էին սրճային «մոլուցքի» դեմ` կարծելով, թե այն վնասակար է առողջության համար: Ի դեպ, սրճային «վայրերում» այցելու բառը վերաբերում էր միայն տղամարդկանց, քանի որ կանանց մուտքն արգելված էր, համարում էին, որ սուրճի օգտագործումը անպտղության պատճառ կարող է լինել:

Լայպցիգի սրճարաններից մեկի սեփականատեր Ցիմմերմանը Երաժշտական կոլեգիայի տնօրենին, որը քաղաքում հարգված մարդ էր, գովազդ պատվիրեց: Ինքնատիպ գովազդը պետք է նպաստեր սրճարանի բիզնեսի խթանմանը, գրավեր նաեւ կին այցելուների ուշադրությունը: Երաժիշտը, որ պետք է զբաղվեր գովազդով, Յոհան Սեբաստիան Բախն էր, իսկ լիբրետոյի հարցում նրան օգնեց ընկերը` Պիկանդերը (Քրիստիան Ֆրիդրիխ Հենրիցին): Վերջինս եւ էրոտիկ բանաստեղծություններ գրեց, եւ հոգեւոր պոեմներ, ինչպես նաեւ թարգմանություններ կատարեց լատիներենից: Այդպես ծնվեց Բախի «Սրճային կանտատը»` փոքրիկ կոմիկական օպերան: Ստեղծագործությունը պատմում է աղջկա մասին, որի համար սուրճն ավելի քաղցր է, քան մուսկաթը եւ հազարավոր համբույրները: Հայրն արգելում է դստերը սուրճ խմել ու փորձում է ամուսին գտնել: Աղջիկը ամուսնական պայմանագիրը ստորագրում է միայն մի պայմանով` ամեն օր պետք է երեք գավաթ սուրճ ըմբոշխնի:

Այս հնարքից հետո Ցիմմերմանի սրճատունը շուրջ երկու հարյուր տարի ծաղկում է ապրել եւ կործանվել է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այսօր նրա տեղում այդ մասին վկայող ցուցատախտակ կա:

Որտեղից է առաջացել Funiculi funicula արտահայտությունը

Օպերային երաժշտության սիրահարներին ծանոթ է Funiculi funicula արտահայտությունը: Բայց թե որտեղից է այն ծագել, քչերը գիտեն: 1880 թ. հունգարացի ինժեներ եւ գործարար Էռնեստո Էմանուելե Օբլիխտը ֆունիկուլյոր կառուցեց, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան բարձրանալ Վեզուվ հրաբխի գագաթը: Շատերը գերադասում էին ոտքով բարձրանալ, իսկ ով ուզում էր գնացքով հաղթահարել բարձունքը, պետք է 900 լիր վճարեր քաղաքապետարանի բյուջե: Ու քանի որ գնացք նախընտրողների թիվը մեծ չէր, օգնության հասավ երաժշտության մոգական ուժը: Հռոմեացի լրագրող եւ պոետ Ջուզեպե Թուրքոն, որը հայտնի էր Պեպինո անունով, եւ նեապոլիտանացի կոմպոզիտոր Լուիջի Դենցան միավորվեցին ու երգ ստեղծեցին: Երգի շնորհիվ ֆունիկուլյորը 20 տարի հաջողությամբ աշխատեց, իսկ երգն ավելի երկարակյաց գտնվեց: 120 տարվա ընթացքում այն կատարել են Լուչիանո Պավարոտին, Մարիո Լանցան, Բենիամինո Ջիլին եւ ուրիշներ:

Գովազդ Մուլեն Ռուժի համար

Մյուս պատմությունը վերաբերում է Մուլեն Ռուժին, որի հեղինակության բարձրացման ու հանրահռչակմանն իր ահռելի նպաստն է բերել Թուլուզ Լոտրեկը: Կաբարեի նոր սեզոնի բացման մասին հայտարարող նրա գովազդային պաստառը ոչ միայն Մուլեն Ռուժին հռչակ բերեց, այլեւ նկարչին: Դեղին պաստառի վրա պատկերված էր պարուհի Լուիզ Վեբերը` հանրահայտ Լա Գուլյուն եւ նրա զուգընկեր, ֆրանսիական կանկանի վառ ներկայացուցիչ Վալենտին Լե Դեզոսեն: Նույն օրը քաղաքի տարբեր վայրերից պաստառները հանվեցին եւ տեղ գտան հավաքորդների հավաքածուներում:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031