«Լիցենզավորման մասին» եւ «Պետտուրքի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթ է ներկայացրել «Ելքը» խորհրդարանի քննարկմանը: Էդմոն Մարուքյանն ասաց, որ շատ տնտեսվարողներ բողոքել են այս օրենքից եւ ասել, որ չնայած լիցենզավորման ընթացակարգը պարզեցվել է, բայց որոշ խնդիրներ են առաջանում:
Մարուքյանը բացատրեց, որ գործող օրենքի համաձայն վտանգավոր թափոնների վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում եւ տեղադրում ուղղություններով լիցենզիա ունենք: Այս լիցենզիան մեկ միասնական լիցենզիա է եւ պետտուրքը 200 հազար դրամ է: Հիմա նախագծով իրենք առաջարկում են առանձին լիցենզիաներ հանել, որովհետեւ մի գործողության համար տնտեսվարողը ստիպված էր բոլոր ուղղությունների համար ստանալ լիցենզիա՝ ավելի փոքր գումարով: Բնապահպանության նախարարությունը նախագիծը համարում է ընդունելի: Արծվիկ Մինասյանն ասաց, որ դյուրացվում է տնտեսվարողի խնդիրը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հարցրեց՝ բա եթե այդքան լավ նախագիծ է, ինչո՞ւ դուք շուտ չէիք անում՝ նախարարը ծիծաղեց. «Լավ է ուշ, քան երբեք»: Նա ասաց, որ միասնական են աշխատել:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը ներկայացրեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում են դեպքի վայրի պահպանության ոլորտում հետաքննության մարմինների պարտականությունները սահմանել, նաեւ առաջարկում են, որ դեպքի վայրի պահպանության կանոնները սահմանի կառավարությունը: Ղամբարյանը նշեց, որ հնչեղություն ունեցող դեպքերի ժամանակ մենք էլ ենք երբեմն տեսնում, որ դեպքի վայրի պահպանումը ճիշտ չի կատարվում: Նա ասաց, որ ունենք գրեթե 7 հետաքննող մարմին, ուստի պետք է միասնական կանոններ լինեն: Իրավակիրառ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ տարբեր կերպ է կազմակերպվում դեպքի վայրի կանոնների պահպանումը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեց օգոստոսի աղմկահարույց դեպքը, երբ Էրեբունու բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ պատանդ էր վերցրել մի աղջկա: Այդ դեպքի հետ կապված համացանցում կադրեր էին պտտվում, թե դիպուկահարը ինչպես է գետնին պառկած հետեւում աղջկան պատանդ վերցրած քաղաքացուն եւ նրա հետեւում մարդիկ էին. «Նույնիսկ մի դրվագ կար, որ դիպուկահարի վրայով անցորդը քայլում էր: Այդ կադրերը շատ մեծ տարածում գտան եւ տարակուսանք առաջացրին, դուք այդ իրավիճակը նորմա՞լ եք համարում, թե՞ չէ՝ որպես քննչական մարմնի ներկայացուցիչ եւ այս օրենքը կբարելավի՞ իրավիճակը»:
Ղամբարյանը պատասխանեց, որ այսօր ՀՀ-ում, ցավոք, դեպքի վայրի պահպանման իրավական մշակույթը այդքան բարձր մակարդակում չի գտնվում. «Մենք շատերս չենք գիտակցում, որ դեպքի վայրում կան ապացույցներ, այդ ապացույցները մասնագետները պետք է հավաքեն: Ունենք խնդիր եւ այս օրենքի նախագիծը պետք է նպաստի նրան, որ բոլորս քաջ գիտակցենք՝ դեպքի վայրի պահպանությունը լինելու է ուղիղ պարտականություն եւ այն չպահպանելը առաջացնելու է հետեւանքներ»:
Փաշինյանն ասաց, որ դեպքեր կան, որ դրա համար ոչ թե օրենսդրական բազա է պետք, այլ քթի ծակ է պետք ունենալ:
Ռուստամ Մախմուդյանն էլ հիշեց, որ պայթուցիկ նյութերով ավտոբուսի պայթյունի դեպքի ժամանակ ինչպես էին մարդիկ տնավարի ոտնակոխ անում դեպքի վայրը, գնում, մտնում, նկարում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ