«Ելք» դաշինքը մտադիր չէ առաջիկա՝ թանկացումների դեմ պայքարի երթով սեփականաշնորհել թանկացումների դեմ պայքարը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ մեղադրանքներին, թե «Ելք»-ը նախապես չպայքարեց թանկացումը կասեցնելու համար, եւ եթե երթ էր անում՝ թող ավելի շուտ աներ:
«Մեզ դժվար կլինի մեղադրել խորհրդարանում պակաս ակտիվ լինելու մեջ: 2016թ. Հարկային օրենսգրքի ընդունման ժամանակ էլ հստակ կանխատեսել էինք, թե ինչ էր լինելու: Երբ էլ անեինք՝ ասելու էին՝ ինչո՞ւ շուտ չէիք անում»,-համոզմունք հայտնեց Փաշինյանը: Նրա խոսքով՝ «Ելք»-ից բացի դժվար է գտնել այլ քաղաքական թիմ, որը պայքարել է թանկացումների պատճառների դեմ:
«Այդ պայքարը մեկ րոպե անգամ չի դադարել: Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ իշխանությանը հեռացնելը «պրոբլեմ» չի. մի պայման կա միայն՝ ժողովուրդը պետք է ցույց տա, որ մեզ դա անելու մանդատ է տալիս»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ